Կրթություն

Տեխնոլոգիաները նոր դռներ բացելու հնարավորություն են. ԲՏԱ նախարարի տեղակալը հանդիպել է «Մասսայական ուսուցում» ծրագրի մասնակիցների հետ

5 րոպեի ընթերցում

Տեխնոլոգիաները նոր դռներ բացելու հնարավորություն են. ԲՏԱ նախարարի տեղակալը հանդիպել է «Մասսայական ուսուցում» ծրագրի մասնակիցների  հետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երիտասարդները երկրի ապագան են, իսկ տեխնոլոգիաները նրանց համար հնարավորություն՝ գիտելիքի և ապագայի դռները բացելու համար։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  Երիտասարդության միջազգային օրվա առթիվ կազմակերպված «Երիտասարդություն և նորարարություն.  Հայաստանի տեխնոլոգիական ապագան» միջոցառման ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։

Միջոցառման շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպում-քննարկում ունեցավ նախարարության «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող «Մասսայական ուսուցում» ծրագրի մասնակիցների հետ: 

Ռուբեն Սիմոնյանը, շնորհավորելով ծրագրի մասնակիցներին Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ, նշեց՝ ցանկանում է, որ երիտասարդները բացեն իրենց առաջ բոլոր դռները՝ հավելելով, որ տեխնոլոգիաները առհասարակ բացում են բազմաթիվ դռներ, իսկ ապագան հենց երիտասարդներն են՝ իրենց  գիտելիքով, ջանասիրությամբ և առաջնորդությամբ։ 

Խոսելով «Մասսայական ուսուցում» ծրագրի ընթացքի մասին՝ նախարարի տեղակալն ընդգծեց՝ այս ծրագրի իրականացումը շատ կարևորում են մարզերում, որովհետև հստակ է, որ տեխնոլոգիական ոլորտի մասին պատկերացումների լուրջ պակաս կա։ 

«Մենք պետք է սկսենք այս ամենը անել և անում ենք հենց դպրոցական երեխաների համար, որպեսզի իրենք ունենան պատկերացում և ընտրության ժամանակ  ու հասկանան` արդյոք ուզո՞ւմ են գնալ տեխնիկական ուղղությամբ կրթություն ստանալու։ Նման ծրագրերով իրականում լուծում ենք այն խնդիրները, որոնք եղել են տասնյակ տարիներ։ Այս կրթական ծրագրերով մենք, բնականաբար, շատ ուժեղ բազային կրթություն և  գիտելիք տալու նպատակ չունենք, սա ուղղորդում և ընդհանուր ծանոթություն է ոլորտին, որպեսզի աշակերտները հստակ պատկերացնեն այն։ 

Նույն բանը անում են մասնավոր ընկերությունները համալսարաններում, որոնք,  հանդիպելով ուսանողներին, ներկայացնում են տեխնոլոգիական նորությունները և Հայաստանում առկա հնարավորությունները։ Իսկ այս ծրագրերով մենք արդեն նույնն անում ենք դպրոցներում և կարծում ենք, որ սա չպետք է  միայն տեխնոլոգիական ուղղությամբ իրականացնենք։ Շատ լավ կլիներ, որ նման կրթական իրազեկման ծրագրեր իրականացնեն նաև մնացած բոլոր մասնագիտական ուղղություններով, օրինակ՝ գինեգործություն, գյուղատնտեսություն  և մի շարք այլ հետաքրքիր ուղղություններ»,-նշեց Սիմոնյանը։

Ծրագիրն այս տարի իրականացվում է պիլոտային եղանակով․ ընտրվել են երեք մարզեր՝  Գեղարքունիք, Վայոց ձոր և Սյունիք։ Ըստ նախարարի տեղակալի՝ ծրագիրը փորձնական սկսել են այս տարի, որպեսզի հասկական, թե այն ի՞նչ արդյունքներ  կգրանցի։ Ծրագրին մասնակցել է ավելի քան 300 երեխա։ Սիմոնյանի խոսքով՝ հաջորդ տարի ծրագիրը այլ մարզերում ևս կանցկացնեն կամ կփորձեն ընդգրկել բոլոր մարզերը։ 

Ծրագրի մասնակից Գրիշա Քոչարյանը, որը սովորում է Գորիսի 6-րդ դպրոցի 9-րդ դասարանում, նշեց, որ ծրագրին մեծ սիրով ու հետաքրքրությամբ է մասնակցել։ 

«Այն ինձ շատ օգնեց մասնագիտական կողմնորոշման հարցում, քանի որ ծրագրավորումը շատ լայն հասկացություն է, իսկ ծրագրի ընթացքում ուսումնասիրեցի ծրագրավորման ոլորտի տարբեր ուղղություններ և հնարավորություն ունեցա հասկանալու, թե դրանցից ո՞րն էր ինձ պետք։ Արդյունքում ընտրությունս կանգնեց ռոբոտաշինության վրա»,-ասաց աշակերտը։ 

Գրիշան ուրախությամբ փաստեց, որ սա գորիսեցիների համար նոր ու շատ հաջողված ծրագիր էր։ Նա նշեց՝ արդեն բոլոր ընկերներին խորհուրդ է տվել միանալ ծրագրի դասընթացներին։ 

Ծրագիրն իրականցվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ֆինանսավորմամբ՝  Armenian Code Academy-ի կողմից։ Դասընթացներն անցկացվում են Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Մարտունի և Վարդենիս, Վայոց ձորի  մարզի Եղեգնաձոր և Վայք, Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում։  

Միջոցառման ընթացքում ավարտական վկայականներ ստացան Եղեգնաձորի և Գորիսի դասընթացների մասնակիցները։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում