Սպորտ

12-ամյա Գաբրիելա Հարությունյանը կպայքարի շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար

2 րոպեի ընթերցում

12-ամյա Գաբրիելա Հարությունյանը կպայքարի շախմատի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 12-ամյա Գաբրիելա Հարությունյանը պատրաստվում է իր սպորտային կարիերայի ամենակարևոր մրցաշարերից մեկին՝ շախմատի Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանը։

Գաբրիելան 2024թ․ Հայաստանի շախմատի Մ12 տարեկան աղջիկների չեմպիոնն է, որի՝ որպես Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը հովանավորում է Բիբլոս Բանկ Արմենիան։

Գաբրիելան 5 տարեկանից զբաղվում է շախմատով։ Մի շարք մրցաշարերում նա տպավորիչ հաղթանակներ է տարել՝ տարբեր տարիներին նվաճելով Երևանի Մ10 տարեկան աղջիկների, Հայաստանի Մ10 և Մ12 տարեկան աղջիկների առաջնություններում չեմպիոնի տիտղոսը, Եվրոպայի  Մ10 տարեկան աղջիկների 4-րդ մրցանակը։

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով, Հայաստանում շախմատի հանդեպ յուրահատուկ հետաքրքրություն կա, ինչն անչափ ոգևորիչ է։

«Մենք հիանում ենք Գաբրիելայի հմտությամբ, նվիրվածությամբ և հաղթանակներով։ Հուսով ենք՝ Բիբլոս Բանկ Արմենիայի տրամադրած աջակցությունը կխթանի նրա մոտ շախմատի համար կարևոր հմտությունների զարգացումը, կօգնի բարելավել նրա վարկանիշը և նվաճել ևս մեկ չեմպիոնի տիտղոս»,- նշեց Հայկ Ստեփանյանը։

2024թ․ շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը տեղի կունենա օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ը Չեխիա մայրաքաղաք Պրահայում։ Գաբրիելան այս տարի Հայաստանը կներկայացնի նաև շախմատի աշխարհի պատանեկան առաջնությանը։

Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակ ներդրում է կատարում ամենատարբեր կրթական նախագծերում և աջակցում տաղանդավոր պատանիների առաջընթացին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում