ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 11-ին, ժամը 16:42-ին ահազանգ է ստացել, որ Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված տուժած:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Քեթի գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասում «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Լ. Մ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը (մոտ 8 մ):
Ըստ աղբյուրի՝ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տուժածին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն. քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: