ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել օգոստոսի 11-ի առավոտյան Երևանի Հերացի փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի դեպքի առթիվ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Օգոստոսի 11-ին, առավոտյան Երևան քաղաքի Հերացի փողոցում ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին, կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Վթարի հետևանքով 20 անձ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի բժշկական կենտրոններ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են դեպքի վայրի և վթարված տրանսպորտային միջոցների զննություն, այլ անհետաձգելի առաջնային քննչական գործողություններ։
Նշանակվում են դատաբժշկական փորձաքննություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը հայտնել է, որ վթարի պատճառների և հանգամանքների պարզման, տրանսպորտային միջոցների վարորդների արարքներին իրավական գնահատական տալու նպատակով իրականացվում է նախաքննություն։