Երևան

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Երևանի Հերացի փողոցի վերնանցումի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնել Երևանի Հերացի փողոցի վերնանցումի մոտ տեղի ունեցած ՃՏՊ-ի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 11-ին, ժամը 09:10-ին տեղեկություն է ստացել, որ Հերացի փողոցի վերնանցումի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ ցորենով բեռնված «Shacman» մակնիշի բեռնատարը բախվել է թիվ 36 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսին, այնուհետև կայանած «Toyota» մակնիշի ավտոմեքենային և կողաշրջվել։ Բեռնատարից և ավտոբուսից առկա է վառելիքի արտահոսք:

Նշվում է, որ, ճշտված տվյալների համաձայն, 17 տուժածներ տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական կենտրոններ. մի քանի տուժածի փրկարարները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել բեռնատարը, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, 1 արգելափակված տուժածի դուրս բերել ավտոբուսից, 2 տուժածի պատգարակով մոտեցրել մոտակա բժշկական կենտրոն, մյուս տուժածներին՝ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը հայտնել է, որ Հերացի փողոցում տեղի ունեցած վթարից հետո տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով «Հերացի» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 14 քաղաքացի: Տուժածները հետազոտվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում