Իրան

«Հեզբոլլահ»-ը կարող է Իսրայելին հարվածել՝ Իրանից անկախ. CNN-ի աղբյուրներ

2 րոպեի ընթերցում

«Հեզբոլլահ»-ը կարող է Իսրայելին հարվածել՝ Իրանից անկախ. CNN-ի աղբյուրներ

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կարող է հարվածել Իսրայելին՝ անկախ Իրանի մտադրություններից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրների։

Աղբյուրներից մեկը հայտնել է, որ «Հեզբոլլահ»-ն ավելի արագ է առաջ տանում իր ծրագրերը, քան Իրանը, և ծրագրում է մոտ օրերս հարվածել Իսրայելին։ Մինչդեռ Իրանը, ինչպես ասել են CNN-ի զրուցակիցները, դեռ որոշում է, թե ինչպես արձագանքել Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը։ 

ԱՄՆ զինվորական պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Թեհրանն արել է որոշ, բայց ոչ բոլոր նախապատրաստությունները, որոնք Վաշինգտոնն ակնկալում է տեսնել Իսրայելի վրա խոշոր հարձակումից առաջ:

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Լիբանանը գտնվում է Իսրայելի անմիջական հարևանությամբ, «Հեզբոլլահ»-ը կարող է գործել գրեթե առանց նախազգուշացման։ Ըստ աղբյուրի՝ նաև անհասկանալի է, թե ինչպես են Իրանն ու «Հեզբոլլահ»-ը համակարգում հնարավոր հարձակումը։ Որոշ պաշտոնյաներ, աղբյուրի խոսքով, այնպիսի զգացողություն ունեն, որ Թեհրանը և «Հեզբոլլահ»-ը լիովին համակարծիք չեն այն հարցում, թե ինչպես առաջ շարժվել։ 

Իր հերթին Iran International հեռուստաալիքը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների, հաղորդել է, որ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանը երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին խնդրել է զերծ մնալ Իսրայելի վրա ուղղակի հարձակումից, որպեսզի լարվածությունը չվերածվի անցանկալի պատերազմի։ 

Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, որին նախորդել էր Բեյրութում իսրայելական հարվածից «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։ Իրանը և «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժ լուծել նրանց մահվան համար: Իսրայելը պաշտոնապես չի հաստատել և չի հերքել իր առնչությունը Հանիյեի սպանությանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում