Գիտություն

Գերմանացի պրոֆեսորը լողալով կանցի Էլբա գետը միկրոպլաստիկի դեմ պայքարի նախագծի շրջանակներում

3 րոպեի ընթերցում

Գերմանացի պրոֆեսորը լողալով կանցի Էլբա գետը միկրոպլաստիկի դեմ պայքարի նախագծի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուրտվանգենի համալսարանի պրոֆեսոր Անդրեաս Ֆաթը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է լողալ Էլբան ի վար՝ 1083 կմ՝ միկրոպլաստիկով գետի ջրի աղտոտվածության ուսումնասիրման ծրագրի շրջանակներում և աղտոտման այդ ձևի դեմ պայքարի կարևորությունը ցույց տալու համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

«Լողալու ընթացքում պրոֆեսոր Ֆաթը և նրա գործընկերները նաև կհավաքեն ջրի նմուշներ և կուսումնասիրեն գետի հատկությունները նրա ամբողջ երկայնքով: Այդ տվյալների ստացման համար հետազոտողի հիդրոկոստյումի վրա կտեղակայվեն հատուկ զտիչներ, որոնք որոշ հատկություններով նման են գետի ձկան թեփուկներին», - հայտնել են համալսարանում։

Պրոֆեսոր Ֆաթն արդեն երկար տարիներ կատարում է լայնածավալ դիտարկումներ, թե Եվրոպայի և աշխարհի այլ շրջանների գետեր որքան խիստ են աղտոտված միկրոպլաստիկով: Հանրության ուշադրությունն այդ խնդրի վրա գրավելու, ինչպես նաև գետերի բնապահպանական վիճակի մասին եզակի տվյալներ հավաքելու համար նա կատարում է երկարատև լողանցումներ ուսումնասիրվող ջրային ուղիների ամբողջ երկայնքով։ Այս կերպ հետախույզն արդեն լողալով անցել է եվրոպական Հռենոսն ու Դանուբը, ինչպես նաև ամերիկյան Թենեսի գետը։

Նոր նախագծի շրջանակներում պրոֆեսոր Ֆաթը նախատեսում է 25 օրում լողալ Էլբայի ամբողջ հոսանքով՝ սկսած դրա ակունքից՝ Չեխիայի Սմիրժիցե քաղաքի մերձակայքի լեռներից, մինչև գետաբերան՝ Գերմանիայի Կուկսհաֆեն նավահանգստի շրջակայքում: Լողալու ընթացքում գիտնականն ու նրա օգնականները ծրագրում են ամեն օր հավաքել ջրի նմուշներ։ Բնապահպանները հույս ունեն, որ այդ նմուշները կօգնեն գնահատել այնպիսի խոշոր քաղաքների «ներդրումն» այդ տեսակի մասնիկներով քաղցրահամ ջրավազանների աղտոտման գործում, ինչպիսիք են Դրեզդենը, Մագդեբուրգը և Համբուրգը:

Անցած տասնամյակների ընթացքում գիտնականները վիթխարի քանակությամբ պլաստիկի աղբի մասնիկներ և միկրոպլաստիկ են հայտնաբերել ոչ միայն գետերում և լճերում, այլև Համաշխարհային օվկիանոսների շատ հեռավոր տարածաշրջաններում, որտեղ առաջացել են հսկայական «աղբաբծեր»: Վերջերս պլաստիկի աղբի մասնիկներ են հայտնաբերվել Մարիանյան իջվածքի հատակին և Էվերեստ լեռան գագաթին, ուր դրանք հասել են քամու, տեղումների և խորքային հոսանքների միջոցով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում