Podcast-Գիտության շաբաթ. Սանձելով կյանքի ինֆորմացիոն ահռելի ծավալները. Լիլիթ Ներսիսյանը պատմում է կենսաինֆորմատիկայի մասին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կյանքը Տիեզերքում հայտնի բարդագույն երևույթներից է։ Ավելի բարդ, հավանաբար, միայն գիտակցական կյանքն է։ Տրիլիոնավոր բջիջներ, որոնցից յուրաքանչյուրը խիստ կանոնակարգված քիմիական գործարան է, միմյանց հետ համագործակցելով աշխատում են` օրգանիզմի կենսագործունեության պահպանման համար։ Այս ամենը պարունակում է ինֆորմացիայի այնպիսի ահռելի ծավալներ, որոնց առաջ խամրում է անգամ ամենամեծ գրադարանը։ Ու այդ ծավալները սիստեմատիզացնելու ու դրանց վերլուծությունը հեշտացնելու համար ձևավորվել է միջգիտակարգային ուղղություն` կենսաինֆորմատիկան. այն մոլեկուլային կենսաբանության, ինֆորմատիկայի, գենետիկայի, կիբերնետիկայի, քիմիայի, մաթեմատիկայի ու վիճակագրության հատման կետն է, որը թույլ է տալիս կյանքի մասին ինֆորմացիայի հսկայական հոսքերից կորզել օգտակարը։ Կենսաինֆորմատիկան զգալիորեն նպաստում է հիվանդությունների բուժումն ու դեղամիջոցների ստացումն անհատականացնելու, կենսազմազանությունը գնահատելու և բազմաթիվ այլ ոլորտներում առաջընթացին։ Հայաստանում գործում է Կենսաինֆորմատիկայի ինստիտուտ։
Հայաստանում հոկտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է առաջին համազգային «Գիտության շաբաթ» միջոցառումը։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» անցկացվում է «Գիտուժ» նախաձեռնության կողմից` ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի ու Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ։ «Գիտության շաբաթվան» ընդառաջ` «Արմենպրես»-ն ու «Գիտուժ» նախաձեռնությունը սկսել են փոդքաստերի շարք, որի ընթացքում գիտնականները, ճարտարագետները, ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խոսում են գիտության ու, մասնավորապես, Հայաստանում գիտության զարգացման, հանրահռչակման ու հեռանկարների մասին։
Փոդքաստի նոր թողարկման հյուրն է Հայաստանի կենսաինֆորմատիկայի ինստիտուտի հիմնադիր տնօրեն, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Լիլիթ Ներսիսյանը։