Փոդքասթ

Podcast ՍոցUp. Օրենքը հեռավար աշխատելու հնարավորություն է ընձեռում. ոլորտի պատասխանատուն մանրամասնում է պայմանները

5 րոպեի ընթերցում

Podcast ՍոցUp. Օրենքը հեռավար աշխատելու հնարավորություն է ընձեռում. ոլորտի պատասխանատուն մանրամասնում է պայմանները

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անցած տարվանից ուժի մեջ են մտել աշխատանքային օրենսդրության որոշ փոփոխություններ, որոնք վերաբերում են մասնավորապես հեռավար աշխատանքին, պաշտպանության նախարարության կազմակերպած վարժական հավաքներին ներգրավված անձանց աշխատանքային երաշխիքներին, փորձնակի նոր ինստիտուտի կարգավորումներին և արձակուրդի տրամադրմանը։  

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ հավելելով, որ դեռևս նախագծային փուլում շարունակական հանդիպումներ են կազմակերպվել շահառու խմբերի հետ՝ իրազեկման և նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ նրանց կարծիքները լսելու նպատակով։ 

Այնուհետև մասնակիցների  կողմից այդ իրազեկման հանդիպումների պահանջարկը հաշվի առնելով՝ աշխատանքի և զբաղվածության վարչությունը նախաձեռնել է շարունակական դասընթացներ «Աշխատանքային օրենսդրության ամենակիրառելի կարգավորումներն ու վերջին փոփոխությունները» թեմայով, որոնք անցկացվում են Երևանում և ՀՀ մարզերում։ 

Ըստ Սարգսյանի՝ դասընթացների ընթացքում բարձրաձայնվող հարցերը հիմնականում վերաբերում են  աշխատաժամանակի խախտումներին, աշխատանքային պայմանագրի լուծարմանը, համատեղությամբ աշխատանքի հետ կապված խնդիրներին, ինչպես նաև վարժական հավաքներում ներգրավված աշխատողներին վերաբերելի նոր կարգավորումներին։

«Ամենավերջին կարևոր փոփոխությունը, որը կրկին բավականին մեծ հետաքրքրություն  առաջացրեց, հեռավար եղանակով աշխատելու կարգավորումներն էին։ Հեռավար եղանակով աշխատելու հնարավորությունը նախատեսված էր միայն հստակ դեպքերի համար։ Ընդհանուր առմամբ, հնարավոր չէր ցանկացած ժամանակ հեռավար եղանակով աշխատել։ Անցյալ տարի փոփոխություն կատարվեց Աշխատանքային օրենսգրքում, ինչը հնարավորություն տվեց բոլոր դեպքերում իրականացնել հեռավար եղանակով աշխատանք, եթե դրա բնույթը թույլ է տալիս և կողմերը համաձայնության են գալիս»,-մանրամասնեց Սարգսյանը։

Անդրադառնալով հեռավար եղանակով աշխատանքի անցնելու այլ պայմաններին, որոնք ամրագրվել են օրենսդրական փոփոխություններով՝ աշխատանքի և զբաղվածության վարչության պետը նախ ընդգծեց, որ կարևոր է երկկողմ համաձայնությունը։

«Այսինքն՝ ոչ գործատուն կարող է պարտադրել աշխատողին, ոչ էլ աշխատողը կարող է ասել, որ, օրինակ, հաջորդ օրվանից հեռավար է աշխատելու, քանի որ օրենսդրության մեջ կա նման հնարավորություն»,-պարզաբանեց Սարգսյանը։

Այնուհետև, երբ կողմերը համաձայնության են գալիս հեռավար աշխատելու հարցում, մի շարք հարցեր կարող են առաջանալ՝ կապված աշխատողին անհրաժեշտ գույքի և ծախսերի հետ, որոնք պետք է հստակ ամրագրել ներքին կարգապահական կանոններով, համաձայնագրով կամ աշխատանքային պայմանագրով։ 

Նույն կերպ անհրաժեշտ է հստակեցնել հեռավար աշխատանքի ժամաքանակն ու ժամկետը, ինչպես նաև երկրից բացակայելու հնարավորության կամ անհնարինության հարցը։

«Հստակեցման համար, իհարկե, լավագույն փաստաթղթերից մեկը նման դեպքերում ներքին կարգապահական կանոններն են, որտեղ կամրագրվի, թե ինչ քայլերի հաջորդականություն է լինելու, երբ սկսեն աշխատել հեռավար»,-նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ օրենսդրությամբ ամրագրվել են նաև հեռավար եղանակի անցնելու ծանուցման ձևերն ու դրա ժամկետը։ 

Մեր զրուցակցի խոսքով՝ աշխատանքային օրենսդրության գրեթե բոլոր կարգավորումները տարածվում են այդ հարաբերությունների վրա․նոր կարգավորումը հնարավորություն է տալիս պայմանավորվել հեռավար աշխատանքի անցնելու համար, սակայն աշխատաժամերը պետք է լինեն այնպիսին, ինչպես աշխատավայրում գտնվելիս։

Կան որոշ կարգավորումներ, որոնց դեպքում բացառություններ են արվել, օրինակ՝ հեռավար աշխատանքի դեպքում, եթե աշխատողի հետ դժբախտ պատահար է տեղի ունենում իր պարտականությունների կատարման ընթացքում, ապա գործատուն այս պարագայում ազատվում է համապատասխան պատասխանատվությունից, որը նա ուներ աշխատավայրում գործունեություն իրականացնող աշխատակցի նկատմամբ։

Մանրամասները՝ Podcast-ում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում