Բարձր տեխնոլոգիաներ

Ֆեմիննոն և ԱՏՁՄ-ն կհամագործակցեն՝ WCIT2024/DigiTec-ում կանանց մասնակցությունը խթանելու նպատակով

5 րոպեի ընթերցում

Ֆեմիննոն և ԱՏՁՄ-ն կհամագործակցեն՝ WCIT2024/DigiTec-ում կանանց մասնակցությունը խթանելու նպատակով

ԵՐԵՎԱՆ,30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) փոխըմբռնման հուշագիր է ստորագրել (MoU) Ֆեմիննո մշակութա-նորարարական հարթակի հետ՝ համագործակցելու 2024թ. Նորարարության և Տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի` WCIT2024/DigiTec-ի շրջանակներում կանանց մասնակցության ակտիվացման շուրջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կնքված հուշագիրը խորհրդանշում է համագործակցության ձևաչափ, որն ուղղված է կոնգրեսում կանանց ներգրավվածության և մասնակցության խթանմանը՝ ընդգրկելով թե՛ տեղական, թե՛ միջազգային հանրույթն ու համայնքը։ Միավորելով իրենց ռեսուրսներն ու գործընկերների կապերն՝ այս համագործակցությունը նպատակ ունի WCIT2024/DigiTec-ը դարձնելու նշանակալի իրադարձություն՝ հատկանշելով կանանց դերը տեխնոլոգիական ոլորտում՝ Հայաստանը ներկայացնելով նաև որպես կանանց նորարարության և առաջնորդության առաջատար կենտրոն։

WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը և Ֆեմիննո մշակութա-նորարարական հարթակի հիմնադիր Սեդա Պապոյանը փոխանակվել են հուշագրերով և կարճ ելույթով հայտարարել հուշագրի մասին՝ համատեղ ջանքերով խթանելու WCIT2024/DigiTec-ը։

«Ֆեմիննոյի հետ համագործակցության միջոցով մենք նպատակ ունենք հարստացնել WCIT2024/DigiTec-ի օրակարգը կանանց ավելի մեծ ներկայացվածությամբ: Իմ անձնական փորձից գիտեմ, որ Հայաստանում ընկերություններում ղեկավար պաշտոնների շուրջ 40 տոկոսը զբաղեցնում են կանայք: Այս համագործակցության միջոցով մենք ձգտում ենք հարստացնել մեր միջոցառումը՝ ներգրավելով ավելի շատ մասնագետներ, որոնք քննարկումներին կբերեն իրենց մասնագիտական փորձառությունը: Այս համագործակցությունը երաշխավորում է, որ մեր օրակարգը կլինի ոչ միայն համապարփակ, այլ նաև բազմազան և ներառական, արտացոլելով կանանց իրական ներուժը տեխնոլոգիական ոլորտում»,-ասել է WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։ 

Այս համագործակցությունը նպատակ ունի ընդգծելու նաև կոնգրեսի «ԱԲ-ի կանացի հմայքը» («The Grace of AI») հանդիպումների շարքի կարևորությունը, որը նվիրված է գենդերային հավասարության և թվային ոլորտում տնտեսական հզորացման խթանմանը։ Այս գործընկերությունը ցույց է տալիս ավելի ներառական տեխնոլոգիական միջավայրի ստեղծման հանձնառությունը՝ ապահովելով հարթակ, որտեղ կանայք կլինեն առավել ներկայացված ու լսելի։

«Որպես առանձնահատուկ ուղղվածություն ունեցող կազմակերպություն՝ մենք միշտ ձգտում ենք ավելի մեծ ճանաչման և ներկայացվածության: Այսպիսի մասշտաբի միջոցառման հետ համագործակցությունը ոչ միայն համախմբում է մեզ, այլև՝ ուժեղացնում մեր ջանքերը՝ Հայաստանի համար նշանակալի ազդեցություն գրանցելու համար: Այս համագործակցությունը կարևոր քայլ է մեր առաքելությունում՝ ընդլայնելու կանանց  հնարավորություններն ու հասնելու ավելի մեծ արդյունքների»,-ասել է Ֆեմիննո մշակութա-նորարարական հարթակի հիմնադիր Սեդա Պապոյանը։

WCIT2024/DigiTec-ը տեղի կունենա 2024 թվականի հոկտեմբերի 4-7-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով:

WCIT2024/DigiTec-ը, անցկացման չորս օրերին,  Հայաստանը կվերածվի տեխնոլոգիական մտքի կենտրոնի՝ հանդիսանալով հարթակ ոլորտի և թեմայի շուրջ առաջատար համաշխարհային խոսնակների ելույթների, պանելային քննարկումների և B2B հանդիպումների համար: Համաժողովի շրջանակներում կանցկացվի նաև WITSA World Cup ստարտափների մրցույթը, կներկայացվեն նորարարական ցուցադրություններ, բիզնես ներկայացումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ:

WCIT2024/DigiTec համաժողովը կդառնա գլոբալ հարթակ, որը նպատակ ունի`

  • ներկայացնելու հայաստանյան, և ոչ միայն, տեխնոլոգիական ներուժը ԴիջիԹեք էքսպոյի շրջանակներում, որը հանդիսանալու է հիմնական էքսպո հարթակը WCIT2024/DigiTec համար,
  • ուժեղացնելու տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը, իրազեկելու նորարարությունների ու ԱԲ վերջին և ապագա զարգացումների շուրջ,
  • Հայաստանը ներկայացնելու միջազգային հարթակներում և դիրքավորելու որպես նոր տեխնոլոգիական հաբ տարածաշրջանի համար, 
  • խթանելու ներդրումները և ընդգծելու ՏՀՏ լուծումների կարևորությունը տարբեր տարածաշրջաններում և տնտեսություններում:

Համաժողովի օրակարգը ընդգրկում է լայն աշխարհագրությամբ մասնակիցներ՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում