Պակիստանում միջցեղային բախումների զոհերի թիվը հասել է 49-ի
1 րոպեի ընթերցում
![Պակիստանում միջցեղային բախումների զոհերի թիվը հասել է 49-ի](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/30/KbK8GnK3DgqqfuuDucVaCphSW5S6ildzbh9vpKk6.webp)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի Կուրրամի շրջանում, որը գտնվում է Աֆղանստանի հետ սահմանին, միջցեղային հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 49-ի, մոտ 200 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ ըստ տեղի ԶԼՄ-ների՝ հակամարտությունը ծագել է անցյալ շաբաթ տեղացի բոշեհրա և մալեեխել ցեղերի շիաների և սուննիների միջև՝ հողային իրավունքների պատճառով։ Այժմ վեճը վերածվել է բախումների կրոնական հողի վրա: Երկու ցեղերի զինյալները չեն դադարեցնում կատաղի փոխհրաձգությունները ռեակտիվ նռնականետներով, գնդացիրներով և ավտոմատ հրաձգային զենքով:
Արյունահեղությունը դադարեցնելու՝ Կուրրամի վարչակազմի և անվտանգության ուժերի փորձերն առայժմ արդյունք չեն տվել: Շիաներն ու սուննիները շարունակում են փոխհրաձգությունները՝ չնայած զինադադարի շուրջ ցեղերի ավագների համաձայնություններին:
Խիստ լարված իրավիճակի պատճառով իշխանությունները փակել են շուկաներն ու դպրոցները բնակավայրերի մի մասում, ճանապարհներին երթևեկությունը դադարեցվել է։ Ճանապարհների շրջափակման պատճառով տեղի բնակչությունը սննդի և դեղորայքի պակաս է զգում: