Աշխարհ

Հյուսիսային Կորեայում հեղեղների պատճառով Կիմ Չեն Ընն արտակարգ դրություն է հայտարարել

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեայում հեղեղների պատճառով Կիմ Չեն Ընն արտակարգ դրություն է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսային Կորեայում հազարավոր մարդիկ տարհանվել են շաբաթ և կիրակի օրերին տեղացած ռեկորդային քանակությամբ անձրևների պատճառով։ Երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը որոշ շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Չինաստանի հետ սահմանամերձ մի քանի շրջաններում ցանքատարածությունները և տները հայտնվել են ջրի տակ։ Տեղի լրատվամիջոցները հայտնել են, որ մարդկանց մի մասին տարհանել են օդանավերով։

BBC-ն նշում է, որ Հյուսիսային Կորեան, որը հայտնի է երկրում տեղի ունեցող բացասական իրադարձությունները չլուսաբանելով, այս վերջին աղետի մասին համեմատաբար շատ տեղեկություններ է տարածում։ Պետական թերթը ստեղծված իրավիճակն անվանել է «ծանր ճգնաժամ»։ Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ ավելի քան 4200 մարդ տարհանվել է 10 օդանավով, որոնք 20 անգամ թռիչք են կատարել տուժածներին ապահով վայր հասցնելու համար։ 

Տարածվել են նաև լուսանկարներ, թե ինչպես է Կիմ Չեն Ընը հեղեղաջրերի միջով անցնում մեքենայով՝ հետևելու աղետի հետևանքների վերացման գործընթացին։ Հյուսիսկորեացի ղեկավարը երեք շրջանների մի շարք հատվածներ հայտարարել է «աղետի հատուկ արտակարգ գոտիներ»։ 

Կան մտավախություններ, որ հեղեղները կարող են ազդել Հյուսիսային Կորեայի գյուղատնտեսական ոլորտի վրա, որն առանց այդ էլ խոշոր ծավալների չի հասնում լեռնային տեղանքի պատճառով։ 

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում