ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս կարող են օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության պետական ծրագրից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պետական աջակցությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակն ընդլայնվում է։ Մասնավորապես, բարձրացվում է ինչպես ծրագրի շահառուների տարիքային շեմն, այնպես էլ վերանայվում են նրանց բնակության վայրերի հետ կապված սահմանափակումները։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Ռուզան Մարտիրոսյանը նշեց, որ առաջին փոփոխությունը վերաբերում է 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց, որոնց տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ։  

«Վերանայել ենք 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը։ Մասնավորապես, եթե նախկինում սահմանված էր 36, ապա, նոր կարգով այդ տարիքային շեմը բարձրացվել է՝ սահմանելով 40։ Նշեմ, որ եթե 40 տարեկանում է անձը դիմում ծրագրին մասնակցելու համար, ապա նա դեռ երկու տարի ծառայություններից օգտվելու հնարավորություն կունենա»,-ասաց Ռուզան Մարտիրոսյանը։ Ծրագրով անվճար է պատճառագիտության փուլը, բուժումը, արհեստական սերմնավորման 6 փորձը, արտամարմնային բեղմնավորման 1 փորձը։ Արդեն 2-րդ փորձը պետության կողմից ֆինանսավորվում է 50 տոկոսվ։ 

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ծրագրի պոտենցիալ շահառուների բնակության վայրի սահմանափակումներին։ Մասնավորապես, նախկին կարգով ծրագրից կարող էին օգտվել երեխա ունեցող` երկրորդային անպտղությամբ 20-36 տարեկան այն պոտենցիալ շահառուները, որոնք սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ էին։ Նոր կարգով ծառայությունը տրամադրվում է  ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ առանց բնակության սահմանափակման։ Ծրագրով անվճար է պատճառագիտության փուլը, սերմնավորման 6 փորձը, արտամարմնային բեղմնավորման 1 փորձը։ 

Կառավարությունը կատարել է ևս մեկ փոփոխություն, ըստ որի, այս բոլոր խմբերի համար սահմանված պահանջներին համապատասխանելու դեպքում կարող են օգտվել նաև ԼՂ-ից բռնի տեղահանվածները։ 

«2023 թվականի սեպտեմբերից սկսած արցախցիները նույնպես օգտվում էին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից, սակայն անհատական դիմումների հիման վրա առանձին որոշումներ էին կայացվում։ Հիմա գործընթացը ինստիտուցիոնալ հիմքի վրա է դրվում ու կառավարության որոշմամբ իրենք ևս կարող են դառնալ շահառու»,-ասաց Ռուզան Մարտիրոսյանը։ Այս ծրագրից օգտվելու համար արցախցիների պարագայում ՀՀ քաղաքացիություն ունենալը պարտադիր պայման չէ։ 

Ծրագրի վիճակագրությունը փաստում է, որ տարեցտարի ծրագրի նկատմամբ պահանջարկն ավելանում է։ 2022 թվականին ծրագիրն ունեցել է 842 շահառու, 2023 թվականին՝ 5 հազար 441 շահառու։ Ինչ վերաբերում է ծնված երեխաների թվին, ապա այստեղ ևս դրական դինամիկա կա։  2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ավելի շատ երեխա է ծնվել, քան ամբողջ 2023 թվականին։ 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ծնվել է 271 երեխա, 2023 թվականին՝ 159 երեխա։ 

Նրանք, որոնք ցանկանում են օգտվել ծրագրից, դիմում են համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններ։ Ըստ բժիշկների ցուցումների էլ կազմակերպվում է գործընթացը։  

 

 

Հայերեն

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով ձերբակալվել են Գագիկ Ծառուկյանը և հանցավոր խմբի ևս մեկ անդամ

Հայտնի են Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Ռուսաստանը Հայաստանին առաջարկ է ներկայացրել նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ

ԵՄ-ն և Հայաստանը Երևանում անցկացրել են մարդու իրավունքների շուրջ 15-րդ երկխոսությունը