Հայաստան

Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերը նույն ընտանիքի անդամներ են. քրեական վարույթ է նախաձեռնվել

2 րոպեի ընթերցում

Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերը նույն ընտանիքի անդամներ են. քրեական վարույթ է նախաձեռնվել

ԵՐԵՎԱՆ,26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրի-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 

«2024 թվականի հուլիսի 26-ին ժամը 01:30-ի սահմաններում Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կիլոմետր հատվածում՝ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում, իրար են բախվել «BMW X3 3.01» մակնիշի և «HONDA FTT 1.3» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «HONDA FTT 1.3» մեքենայի վարորդը և վերջինիս կինը տեղում մահացել են, իսկ նրանց 8-ամյա որդին, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Գյումրի բժշկական կենտրոն», որտեղ, գիտակցության չգալով, ևս մահացել է:

«BMW X3 3.01 » մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի: Վերջինիս ինքնությունը պարզվել է»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Դեպքի առթիվ 2024 ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։

Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտում հայտնաբերվել է վթարված «BMW X3 3.01» մակնիշի ավտոմեքենան, իսկ նույն գոտու կողնակին՝ շրջված «HONDA FTT 1.3» ավտոմեքենան: Ավտոմեքենաները զննվել են։

Որոշումներ են կայացվել ընտանիքի մահացած անդամներին տուժող ճանաչելու, դիակների դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու, BMW ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում