ԵՐԵՎԱՆ,23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ գրասենյակի պաշտպանության գծով համակարգող Կորինա Կին Էգգենբերգերը և իրավաբանական խորհրդատու Արփինե Առաքելյանը։
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության համագործակցության մակարդակը և ընդգծել կազմակերպության իրականացրած աշխատանքների կարևորությունը: Պաշտպանը կարևորել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հետ գործակցությամբ իրականացվող ծրագրերի ու միջոցառումների շարունակականության ապահովումը:
Իր հերթին Թիերի Ռիբոն շնորհակալություն է հայտնել պաշտպանին ընդունելության համար և վերահաստատել ԿԽՄԿ-ի հանձնառությունը համագործակցությունը շարունակելու հարցում։