Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում «Հայաստանի մանուկներ»  (COAF) բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքների ամառային դպրոցներ» ծրագրի շրջանակներում  անցկացրել է խմբային պարապմունքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, պարապմունքների նպատակն է եղել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարախոսությանը,  երեխայի իրավունքների մասին կոնվենցիայով նախատեսված իրավունքներին, այդ ոլորտում Պաշտպանի գործառույթներին ու լիազորություններին անդրադառնալը:

Ըստ աղբյուրի՝ իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու` որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։

«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ արժեքների վրա, իսկ այդ արժեքները մեր հասարակության մեջ կարող ենք արմատավորել կրթության միջոցով և մեր օրինակելի վարքագծով։ Մենք պետք է ունենանք բազմազանության նկատմամբ հարգանք, երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը», - ասել է Անահիտ Մանասյանը:

Նշվում է, որ հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ երեխաները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են բուլինգի դեպքերի արձագանքման մեխանիզմներին, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայրի ապահովմանը, երեխաների լսված լինելու իրավունքին և այլն:

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել երեխաներին հետաքրքիր զրույցի համար և ընդգծել նման հանդիպումների շարունակականության կարևորությունը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում