Իրավունք

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

2 րոպեի ընթերցում

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի մասնակցությամբ հուլիսի 19-ին տեղի ունեցել ՄԻՊ-ին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը, ներկայացվել են նախագծի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, խնդրահարույց դիտարկվող դրույթները։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է այս նախագծի ընդունումը՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների պատշաճ պաշտպանության և խթանման տեսանկյունից։ 

«Այս օրենքը պետք է ոչ թե հռչակագրային բնույթ ունենա, այլ իրական հնարավորություններ սահմանի ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց համար։ Շատ կարևոր է նկատի ունենալ, որ այս օրենքի ընդունումը հնարավորություն է տալիս հստակ ընդգծել պետության պարտավորությունը, քանի որ ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված պետությունն ունի կոնկրետ պոզիտիվ պարտավորություններ, այդ թվում՝ երաշխավորելու և նպաստելու վերջիններիս մշակույթի, կրոնի, լեզվի, ավանդույթների պահպանմանը և այլն»,-ասել է Պաշտպանը։

Հանդիպման ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտողություններն ու առաջարկությունները նախագծի վերաբերյալ։ 

Միջոցառման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար՝ ընդգծելով, որ բարձրացված խնդիրերը կամփոփվեն և կներկայացվեն իրավասու մարմիններին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում