Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մի խումբ աստղեր համերգ կնվիրեն Գոհար Գասպարյանի 100-ամյակին

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ 99-րդ համերգաշրջանը կեզրափակի Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային կատարմամբ։ Երեկոն, որին մասնակցելու են ականավոր օպերային երգիչներ աշխարհի տարբեր ծայրերից, նվիրվում է «Հայաստանի սոխակ» Գոհար Գասպարյանի 100-ամյակին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա հուլիսի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։

Հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանը նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ասաց՝ բախտ է ունեցել Գոհար Գասպարյանի մասնակցությամբ մեկ համերգ ղեկավարել, ինչը շատ հուզիչ է եղել։ «Նա տարբեր երգեր կատարեց, իսկ վերջում՝ Բարսեղ Կանաչյանի «Օրոր»-ը, որ աննկարագրելի էր։ Միշտ կհիշեմ այդ օրը, սակայն Գասպարյանի ելույթների ակտիվ տարիներին նրան չեմ լսել։ Լսելով ձայնագրություններ՝ տեսնում եմ, որ նա բացառիկ գույնի, հնարավորությունների կոլորատուրային սոպրանո է եղել։ Շատ գեղեցիկ և յուրահատուկ ձայն ուներ։ Նման ձայն չեմ լսել, նրա ձայնի գույնն այլ էր»,-նշեց Թոփչյանն ու հավելեց՝ ուրախ է, որ «Բոհեմ»-ի կատարումը Գասպարյանի հոբելյանին են նվիրում։

Թոփչյանի խոսքով՝ մեներգիչների հիանալի կազմով են հանդես գալու։ Սոպրանո Քրիստինա Մխիթարյանը երբեք ելույթ չի ունեցել Հայաստանում։ «Շատ էի ուզում, որ նա գա, քանի որ հանրահայտ երգչուհի է, երգում է լավագույն թատրոններում, բայց հայրենիքում հանդես չի եկել։ Ավելի քան մեկ տարի առաջ Լիպարիտ Ավետիսյանի հետ որոշեցինք «Բոհեմ» կատարել Երևանում, որովհետև այս սեպտեմբերին  Քրիստինան, Լիպարիտն ու Նինա Մինասյանը, որը ևս բացառիկ երգչուհի է, «Բոհեմ» են կատարելու Մետրոպոլիտեն օպերայում»,-պատմեց դիրիժորը։ Նա վստահեցրեց՝ համերգը մեծ իրադարձություն է լինելու օպերային երաժշտությունը ընկալողների համար։

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նոր համերգաշրջանը սկսվելու է սեպտեմբերի 12-ին Երևանյան միջազգային փառատոնով։ Հյուրընկալելու են հանրահայտ երաժիշտների, մեկնելու են Եվրոպա, սակայն բացառիկ են համարում հոկտեմբերի 6-ին կայանալիք երեկոն, երբ նվագախումբը ելույթ կունենա ականավոր օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ։ 

Քրիստինա Մխիթարյանի համար «Բոհեմ»-ում Միմիի դերերգով ներկայանալը դեբյուտ է։ «Ինձ շատ է դուր եկել համերգասրահի ակուստիկան, նվագախումբը, որ շատ փափուկ է նվագում։ Կարծում եմ՝ հրաշալի է լինելու։ Իրականում նաև անհանգստություն կա, քանի որ դերը նոր է և այն անգիր եմ երգելու՝ առանց նոտաների և հուշումների»,-նշեց երգչուհին։ 

Նինա Մինասյանը Մյուզետայի դերերգով է ներկայանալու։ Նա Գոհար Գասպարյանին ինքնատիպ երգչուհի է համարում։ «Գասպարյանը բարձր նշաձող է սահմանել, և ես ուրախ եմ,  որ նրան հիշում են որպես մեծ արտիստի, մեծ երգչուհու, որը կարողացավ բարձունքների հասնել՝ դուրս գալով երկաթե վարագույրներից։ Մեզ համար մեծ պատիվ է նրա հոբելյանին ելույթ ունենալ մեր հայրենիքում»,-ասաց  Մինասյանը։ Նա երգչուհու կարիերան սկսել է Քրիստինա Մխիթարյանի հետ Մեծ թատրոնում, ուստի մեծ հաճույք է համարում ընկերների հետ մեկ բեմում հրաշալի նվագախմբի հետ հանդես գալը։

Լիպարիտ Ավետիսյանը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում բազմիցս ընդգրկված է եղել «Բոհեմ» ներկայացման մեջ։ Վերջերս Երևանի օպերային թատրոնում բեմադրված «Բոհեմ»-ում ևս մարմնավորում էր Ռոդոլֆոյին։ «Մեզ համար այս երեկոն իսկապես տոն է, որովհետև հավաքվել ենք լավ ընկերներով՝ մաեստրո Թոփչյանի գլխավորությամբ։ Մենք վայելում ենք Պուչինիի չնաշխարհիկ երաժշտությունը»,-խոստովանեց Ավետիսյանը։ Նա վստահեցրեց՝ անգամ այն պարագայում, երբ նույն կազմով ընդմիջումներով  են հանդես գալիս բեմում, երբևէ նույն ներկայացումը չի լինում։ Միշտ նոր է ու տարբեր։ «Համերգային կատարումը միշտ ավելի բարդ է։ Ներկայացման պարագայում կան բեմադրական առարկաներ, որոնք օգնում են, իսկ համերգային կատարմանը պետք է ամեն բան փոխանցել ձայնով, ելևէջներով, որպեսզի ունկնդիրը երևակայությամբ տեսնի գործողությունների ընթացքը»,-ընդգծեց Լիպարիտ Ավետիսյանը։

Անդրադառնալով Գոհար Գասպարյանին՝ արտիստը շեշտեց՝ ամբողջ հայության համար մեծ պատիվ է Գասպարյանի պես ֆանտաստիկ երգչուհի, օպերային արտիստ ունենալը։ «Նրա ժառանգներն ենք, և հպարտ եմ, որ այն հիմքը, որ դրել են մեր մեծերը, պատիվ ունենք պահելու, զարգացնելու և աշխարհին ներկայացնելու»,-եզրափակեց Ավետիսյանը։

Գուրգեն Բավեյանը ոչ միայն լսել է Գոհար Գասպարյանի ձայնագրությունները, այլև փոքր տարիքում ներկա է եղել նրա վերջին մենահամերգին։ «Հիշում եմ՝ Գասպարյանը նստած էր աթոռի վրա և երգում էր, ինչպես երիտասարդ, թարմ, գեղեցիկ ձայնով արտիստը։ Ուսանողական տարիներին մասնակցել եմ նրա անվան հանրապետական մրցույթին և դափնեկիր եմ»,-պատմեց բարիտոնը։

Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ուսանողական տարիներից է հանդես եկել։ Համագործակցել են 2005 թվականից։ «Հաճելի է աշխատել պրոֆեսիոնալների հետ։ Նվագախմբի հետ եղել ենք նաև Շուշիում։ 2013 թվականն էր։ Այնտեղ ներկայացրինք Բաբաևի «Արծվաբերդ» օպերան։ Հետո եղել են համերգային համագործակցություններ։ Հուսով եմ՝ շարունակական կլինի»,-շեշտեց նա։

Երեկոյին հանդես կգան նաև Եվգենի Ստավինսկին և Բոգդան Բաչուն։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ բեմում կլինի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան) և Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): 

«Արամ Խաչատրյան» համերգասրահի ճեմասրահում հուլիսի 22-ից այցելուների համար բաց կլինի Գոհար Գասպարյանին նվիրված ցուցադրությունը, որտեղ կլինեն բացառիկ ցուցանմուշներ լեգենդար օպերային երգչուհու անձնական արխիվից: 

Բացառիկ կոլորատուրային սոպրանո Գոհար Գասպարյանը ծնվել է 1924-ին հեռավոր Եգիպտոսում: Սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետների մոտ:

1940-ից դեռևս կոնսերվատորիայում ուսանելու տարիներին ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ 1948-ին հրավեր է ստանում Միլանի Լա Սկալա օպերային թատրոնից, սակայն նախընտրում է հայրենադարձվել Հայաստան:

Հայաստանում նվագախմբի հետ Գոհար Գասպարյանի առաջին համերգը կայացել է 1949 թվականի հուլիսի 11-ին Հայաստանի սիմֆոնիկ, այժմ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Սուրեն Չարեքյանի ղեկավարությամբ: Երգել է Ռոզինայի արիան Ռոսինիի «Սևիլյան Սափրիչը» օպերայից, Օլիմպիա տիկնիկի արիան Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայից, Ալյաբևի «Սոխակը», Մոցարտի «Ալլելուիա»-ն: Այդ համերգից հետո նույն թվականին 25 տարեկանում, դարձել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ Այդ ժամանակ օպերային թատրոնի գլխավոր դիրիժորը Միքայել Թավրիզյանն էր: Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է Լակմեի դերերգով` համանուն օպերայից։ Հանդես է եկել 23 օպերայի գլխավոր դերերում։ Նրա երկացանկում տեղ է գտել ավելի քան 500 ստեղծագործություն։ 

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

 

Հայերեն Русский

Ադրբեջանը կործանված ինքնաթիռի պատրվակն օգտագործում է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ

Հանքագործների և մետալուրգների միությունը չարտոնված գործադուլ հայտարարած ԶՊՄԿ-ի աշխատակիցներին կոչ է անում իրենց պահանջները ներկայացնել օրինական ճանապարհով

Վախճանվել է Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը

Վենեսուելան ազատ է արձակել կալանավորված ամերիկացիներին

Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-6-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով

Wildberries-ը հայտարարել է համացանցային խարդախության դեպքերի աճի մասին

Արևմուտքը կարող է կորցնել Ուկրաինայում հանքային կարևոր պաշարները. Էստոնիայի ԱԳ նախարար

ՄԱԿ-ը դատապարտել է ապստամբների կողմից մարդու իրավունքների խախտումներն Արևելյան Կոնգոյում

Պետեր Սիյարտոն վստահեցրել է, որ Հունգարիան մտադիր չէ դուրս գալ ԵՄ-ից

ԶՊՄԿ-ն անդրադարձել է շրջանառվող լուրերին իր որոշ աշխատակիցների գործադուլի մասին