Աշխարհ

Microsoft-ի խնդիրներն ամբողջ աշխարհում հանգեցրել են չվերթերի չեղարկման և հեռուստաալիքների աշխատանքի խափանումների

2 րոպեի ընթերցում

Microsoft-ի խնդիրներն ամբողջ աշխարհում հանգեցրել են չվերթերի չեղարկման և հեռուստաալիքների աշխատանքի խափանումների

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խոշոր տեխնիկական խափանումն ամբողջ աշխարհում խախտել է օդանավակայանների, բանկերի և լրատվամիջոցների աշխատանքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ։  

Ըստ CNN-ի՝ հուլիսի 19-ի առավոտյան ԱՄՆ-ի խոշոր ավիաընկերությունների՝ Delta-ի, United Airlines-ի և American Airlines-ի բոլոր չվերթերը չեղարկվել են կապի խնդիրների պատճառով։ Հուլիսի 18-ին CNN-ը հայտնել էր, որ Microsoft-ի խնդիրների պատճառով Frontier ավիաընկերությունը մի քանի ժամով դադարեցրել էր թռիչքները՝ չեղարկելով 131 չվերթ, հետաձգելով 223-ը։ 

Գերմանիայի Բեռլին-Բրանդենբուրգ միջազգային օդանավակայանում ևս թռիչքները դադարեցվել են մինչև հուլիսի 19-ի առավոտյան ժամը 10-ը (Երևանի ժամանակով ժամը 12-ը)։ Օդանավակայանի խոսնակն AFP գործակալությանը հայտնել է, որ դա տեղի է ունեցել տեխնիկական խնդրի պատճառով։

Ավստրալիայում խափանումը խախտել է բանկերի, ավիաընկերությունների և լրատվամիջոցների, այդ թվում՝ ABC հեռուստաալիքի աշխատանքը:

Sky News-ը հաղորդել է, որ հեռուստաալիքն առավոտյան չի կարողացել Մեծ Բրիտանիայում ուղիղ եթեր դուրս գալ տեխնիկական խնդիրների պատճառով:

Ըստ The Verge-ի տվյալների՝ ամբողջ աշխարհում նման խափանումների պատճառ են դարձել Microsoft-ի կողմից խնդիրները. հազարավոր օգտատերերի մոտ արտացոլվում է «մահվան կապույտ էկրան» (BSOD – Blue Screen of Death), որը հայտնվում է օպերացիոն համակարգի վթարի ժամանակ։ Հրատարակությունը հայտնում է, որ իրավիճակն առաջացել է կիբեռանվտանգության ոլորտում աշխատող CrowdStrike ընկերության կատարած թարմացումից հետո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում