Մշակույթ

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

4 րոպեի ընթերցում

Կապանի համայնքապետարանի նպատակն է վերականգնել մշակութային լավագույն ավանդույթները

ԿԱՊԱՆ,19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանը մշակութային հարուստ ավանդույթներ ունեցող քաղաք է, և տեղի իշխանությունների նպատակն է վերականգնել լավագույն ավանդույթները, հետևաբար համայնքապետարանի կողմից իրականացվում է այնպիսի քաղաքականություն, որ մշակույթը դառնա Կապանի այցեքարտերից մեկը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզկենտրոնի մշակութային կյանքին:

«Արդեն երկրորդ տարին է, ինչ մեզ մոտ անցկացվում միջազգային խոշոր երաժշտական փառատոն: Անցյալ տարի, երբ Սևակ Ավանեսյանի կողմից հնչեց նման միջոցառում անցկացնելու առաջարկ, համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հավանություն տվեց այդ առաջարկին և հայտնեց ամեն ինչով աջակցելու պատրաստակամություն, որպեսզի փառատոնը կայանա: Կապանը նաև մշակութային ոլորտով ներկայացնելու նպատակի իրականացման ճանապարհին այս միջոցառումը կարևոր քայլերից մեկն է: Բացի փառատոնից, իրականացվում են նաև այլ աշխատանքներ մշակույթը զարգացնելու համար, նաև կրթական ոլորտում, արտադպրոցական ուսումնական կենտրոններում»,- ասաց Թադևոսյանը

Նրա կարծիքով՝ մշակույթն այն ոլորտն է, որը պահանջում է մեծ ներդրումներ, նվիրվածություն, ահռելի ժամանակ և համբերություն, որովհետև  պտուղները քաղելու համար պահանջվում է որոշակի ժամանակ: 

«Վերջին հինգ-վեց տարիներին կատարված աշխատանքի արդյունքում արդեն Կապանում ստեղծվել է սիմֆոնիկ նվագախումբ, վերակազմավորվել է ժողգործիքների համույթը, կանանց երգչախումբը: Մենք արդեն ունենք երկու նոր համույթներ: Մեծ ուշադրություն է դարձվում արվեստի, գեղարվեստի ու երաժշտական դպրոցներին, որտեղ տարին մի քանի անգամ վերապատրաստումներ են կազմակերպվում դասատուների համար՝ հրավիրելով ոլորտի լավագույն մասնագետներին, դոկտոր-պրոֆեսորներին, կոնսերվատորիայի դասախոսներին, որպեսզի ապահովենք բոլոր պայմանները՝ երաժշտական կրթությունը բարձր մակարդակի վրա պահելու համար»,- մանրամասնեց Թադևոսյանը:

Կապանի փոխքաղաքապետը հավելեց, որ արվեստի, գեղարվեստի ու երաժշտական դպրոցներում ստեղծված են լավագույն պայմանները: Շենքերը բարվոք վիճակում են: Նորացված է գույքը: Ժամանակ առ ժամանակ համայնքապետարանը ձեռք է բերում երաժշտական գործիքներ դասընթացները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Ահռելի ներդրումներ են կատարվել նաև մշակույթի կենտրոնում, որը քաղաքի մշակութային սիրտն է, որտեղ գործում են պարային ու երաժշտական խմբեր: Ամբողջությամբ վերանորոգվել է մշակույթի կենտրոնի շենքը, ինչը նույնպես բավականին մեծ ծրագիր էր, որի շնորհիվ ստեղծվել են լավ պայմաններ թե՛ փորձասենյակների, թե՛ ադմինիստրատիվ ծառայողների աշխատանքը լավագույնս կազմակերպելու և համերգներին պատշաճ կերպով պատրաստվելու համար:  

Կարևորելով նաև արվեստի, գեղարվեստի և երաժշտական դպրոցների ուսուցիչների ատեստավորման գործընթացը՝ Թադևոսյանն ընդգծեց, որ ցանկալի է, որպեսզի ոլորտում աշխատեն արժանի մասնագետները: 

«Կարծում եմ այդ ծրագրի արդյունքներն ապագայում բոլորս կտեսնենք: Այդ  համատեքստում մենք հրավիրում ենք լավագույն մասնագետներին՝ դասատուների վերապատրաստումը կազմակերպելու համար, որպեսզի տեղում ուսումնասիրեն և օգնեն գնահատական տալ, թե ինչ մակարդակում են գտնվում մեր երաժշտական կրթօջախները, որպեսզի մենք կարողանանք պլանավորել մեր հաջորդ քայլերը»,- եզրափակեց Թադևոսյանը

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում