ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում Չինաստանի դեսպանությունը ընդունելություն կազմակերպեց հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման ընթացքում Պեկին և Ցինդաո քաղաքներ այցելած լրագրողները կիսվեցին իրենց տպավորություններով և դիտարկումներով, ինչպես նաև ներկայացրեցին ժամանակակից Չինաստանի օբյեկտիվ և իրական պատկերը։
Հայաստանում Չինաստանի դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի խոսքով՝ երկար ժամանակ Հայաստանում Չինաստանի դեսպանությունը և լրատվամիջոցների ներկայացուցիչները աշխատանքային լավ հարաբերություններ են պահպանում։
«Ձեզանից յուրաքանչյուրը տարբեր անկյուններից է լուսաբանել Չինաստանի նորությունները։ Բազմաթիվ լրագրողներ երկկողմ և բազմակողմ նախագծերի շրջանակներում այցելել են Չինաստան՝ նշանակալի ներդրում ունենալով հայ ժողովրդի կողմից Չինաստանի ճանաչման, չին-հայկական հարաբերությունների զարգացման և մեր երկրների ավանդական բարեկամության ամրապնդման գործում։
Օգտվելով առիթից՝ իմ խորին հարգանքն ու անկեղծ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ովքեր աշխատում են ի շահ հայ-չինական բարեկամության»,- ասաց Չեն Մինը։
Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և թվային դիվանագիտության բաժնի վարիչ Անահիտ Սիրունյանը, ով նույնպես ընդգրկված էր Չինաստան այցելած լրագրողների պատվիրակության կազմում, նշեց, որ մեկ շաբաթում անմոռանալի տպավորություններ են ստացել Չինաստանի մասին։
«Բնականաբար, մենք շատ շնորհակալ ենք Չինաստանի դեսպանատանը, քանի որ դա շատ դժվար է նման այցելություն կազմակերպելը։ Նրանք փորձեցին ամեն ինչ անել, որպեսզի մենք մեկ շաբաթվա ընթացքում տեսնենք այն ամենը, ինչ հնարավոր է ։ Մենք հյուրանոցից դուրս էինք գալիս առավոտյան 8-ին, լավագույն դեպքում ՝ երեկոյան 8-ին վերադառնում: Պարզապես հյուրանոց մտնելու ժամանակ չէինք ունենում, բայց մենք բոլորովին հոգնած չէինք, քանի որ այդքան դրական հույզեր ունեցանք»,- ընդգծեց Սիրունյանը։
Հայաստանյան լրատվամիջոցների պատվիրակության կազմում է եղել նաև «Արմենպրես» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Շանթ Խլղաթյանը, ով նույնպես միջոցառման ընթացքում կիսվեց իր տպավորություններով։
«Առաջին հերթին ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում Չինաստանի դեսպանությանը մեր այցը կազմակերպելու և այցի ընթացքում ստացած հրաշալի տպավորությունների համար: Մեկշաբաթյա այցի ընթացքում հայ լրագրողները և բլոգերները եղել են Չինաստանի մայրաքաղաք Պեկինում եւ Ցինդաո քաղաքում, ծանոթացել մշակույթին, պատմությանը, այդ երկրի տնտեսական և տեխնոլոգիական հնարավորություններին»,- ասաց Խլղաթյանը։
Միջոցառման ընթացքում նաև ցուցադրվեցին կարճ տեսանյութեր Չինաստանի պատմամշակութային և գեղատեսիլ վայրերի, ինչպես նաև լրագրողների մեկշաբաթյա այցի մասին։