Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

4 րոպեի ընթերցում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է մի շարք կրթական և մշակութային հաստատություններ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն այցի ընթացքում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառումը կրթական գործընթացում հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը։ 

ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրել է ծրագրի շրջանակում ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների իրականացրած աշխատանքները, անդրադարձել ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ մշակված «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը /MHPSS/ կրթության ոլորտում» ոլորտային ուղեցույցին՝ կարևորելով համակարգային մոտեցման ապահովումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների՝ կրթության մեջ ներառման գործում: Նա խոսել է նաև ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների հետ աշխատող ուսուցիչների և մասնագետների կարիքների գնահատման, դրա արդյունքներով ՀՄԿ-ի կողմից մշակված դասընթացի մոդուլով իրականացված վերապատրաստումների, մշտադիտարկումների, ինչպես նաև 2024 թ․ սեպտեմբերից նախատեսվող աշխատանքների մասին։ 

Ստեֆանիա Ջաննինին շնորհակալություն է հայտնել իրականացված աշխատանքների համար՝ կարևորելով Հայաստանում տեղի ունեցող կրթական գործընթացների արդյունավետությունը:

Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը  վստահություն է հայտնել, որ կողմերի միջև համագործակցությունը կլինի շարունակական՝ կարևորելով իրականացվող ծրագրի արդյունավետությունը և՛ պետական, և՛ միջպետական մակարդակում։ 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է նաև Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ, ծանոթացել ուսումնական հաստատության գործունեությանը, իրականացվող կրթական ծրագրերին: Կողմերը քննարկել են համատեղ ծրագրեր իրականացնելու, նոր գաղափարների աջակցելու հնարավորությունները:

Հաջորդ այցը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարան էր: Տնօրեն Արա Խզմալյանի հետ  հյուրերը շրջայց են կատարել թանգարանի սրահներում, ծանոթացել «1 տարվա հավերժություն. Մատենադարանի ձեռքբերումները» ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին,  մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին, հայերեն և այլալեզու ձեռագրերի նմուշներին, ինչպես նաև այցելել ձեռագրապահոց, հին ձեռագրերի վերականգնման բաժին, նորաստեղծ կենսաքիմիական հետազոտությունների լաբորատորիա։ 

Շրջայցին հաջորդած առանձնազրույցի ընթացքում Արա Խզմալյանը կարևորել է միջազգային կառույցի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարը, մշակութային ժառանգության պաշտպանության գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգործուն ջանքերը։ 

Աշխատանքային հաջորդ կանգառը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնն էր: Պատվիրակությանը ներկայացվել են կենտրոնի գործունեությունը, ուղղությունները, ուսուցման փուլերը: Նշվել է, որ նախատեսվում է Թումո կենտրոններ բացել նաև Լոս Անջելես և Բեյրութ քաղաքներում:

Պատվիրակությունն այցելել է նաև Փարաջանովի թանգարան, ծանոթացել մեծ  արվեստագետի ժառանգությանը: Նշենք, որ  անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 100-ամյակն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2024-2025 թվականների օրացույցում: Այդ  շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում այս տարվա գարնանը կազմակերպվել են լուսանկարչական ցուցահանդես և «Կինոյի տաճար» ինստալյացիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում