Սպորտ

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

2 րոպեի ընթերցում

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վիեննայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը՝ նվիրված Շախմատի համաշխարհային օրվան:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում Ավստրիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում կազմակերպված մրցաշարին մասնակցում էին դիվանագիտական կորպուսի, Ավստրիայի ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպությունների քարտուղարությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես են եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալ Դենիս Թետչայճավալիթը և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Միխայել Շտյոտինգերը:

Իր խոսքում դեսպան Պապիկյանն ուրախությամբ արձանագրել է, որ մրցաշարը նախորդ տարվա հաջողությունից հետո շարունակական է դառնում: Նա անդրադարձել է շախմատում Հայաստանի անհատական և թիմային հաջողություններին, կրթության ոլորտում շախմատի կիրառման հաջող փորձին: Ընդգծվել է շախմատի դերը երկխոսության, համերաշխության և խաղաղության մշակույթն առաջ մղելու գործում:

2019թ. դեկտեմբերի 12-ին Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է «Շախմատի համաշխարհային օր» խորագրով բանաձև, որով հուլիսի 20-ը հռչակվում է որպես շախմատի համաշխարհային օր։ Բանաձևը, որը համահեղինակել են ՄԱԿ 53 անդամ պետություններ, ճանաչում է շախմատի ընձեռած հնարավորությունները կրթության զարգացման, կանանց կարողությունների ամրապնդման, ներառականությանը, փոխըմբռնմանը և հարգանքին նպաստելու գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում