Գիտություն

Հայագիտությունը դրվում է որակապես նոր հարթության վրա․ Մատենադարանում կկայանա միջազգային կարևոր կոնգրես

9 րոպեի ընթերցում

Հայագիտությունը դրվում է որակապես նոր հարթության վրա․ Մատենադարանում կկայանա միջազգային կարևոր կոնգրես

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ՝ հուլիսի 19-22-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում առաջին անգամ տեղի կունենա Հայագիտական միջազգային կոնգրես, որի նպատակն է միջազգային մակարդակում հայագիտությանը համակարգված բնույթ հաղորդելը, ինչն էլ իր հերթին կնպաստի աշխարհում գործող հայագիտական կենտրոնների գործունեության զարգացմանն ու կենսունակությանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանի մայրաքաղաքում, առանց չափազանցության, կայանալու է աննախադեպ միջոցառում։ Մատենադարան են ժամանելու աշխարհի բոլոր խոշոր համալսարանական, գիտական կենտրոնների հայագիտական հանրությունը ներկայացնող մարդիկ, և մեծ հնարավորություն է ստեղծվում բարդագույն ժամանակներում քննարկելու և ձևավորելու հայագիտության միջազգային դիրքավորման, հայագիտության առաջընթացի միջազգային փոխհամաձայնեցված օրակարգ։

«Մեր ակնկալիքները շատ մեծ են այս քննարկումներից։ Բավական է նշել մի քանի հաստատություններ, որտեղից ժամանել են օտարազգի հայագետներ։ Նրանք ներկայացնում են Օքսֆորդի, Հարվարդի, Բոլոնիայի, Հռոմի, Ժնևի, Սորբոնի, Համբուրգի և այլ աշխարհահռչակ համալսարանները։ Քիչ առաջ ավարտվեց մեր խոշոր ձեռագրական հոգևոր կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպումը ԿԳՄՍ նախարարի մասնակցությամբ։ Շատ արդյունավետ հանդիպում էր, որին մասնակցեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյան միաբանությունները, Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը, Զմմառի Պատրիարքական Կղերի միաբանությունը և Պոլսի Հայոց պատրիարքությունը։ Դա իսկապես պատմական հանդիպում էր, որտեղ հնարավորություն տրվեց լսելու բոլոր ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներին՝ նրանց ընդգրկելով նաև կոնգրեսի օրակարգում»,- ասաց Խզմալյանը։

Մատենադարանի տնօրենի խոսքով՝ վերոհիշյալ կոնգրեսը միջազգային տեսակետից Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունը դնելու է որակապես նոր հարթության վրա։ Նրա կարծիքով՝ սա լոկ գիտաժողով չէ, և խոսույթը հիմնականում պետք է ընթանա գիտության քաղաքականության վերաբերյալ։ Խզմալյանը կարևորեց այն հանգամանքը, որ միջազգային օրակարգ ձևավորող հայագետներն անմիջականորեն շփվելու են ոլորտի քաղաքական պատասխանատուների հետ և ի մտո ճանաչելու են այն ռազմավարական ծրագրերը, որոնք մշակել է ՀՀ կառավարությունը։ Կոնգրեսի շրջանակում հատուկ անդրադարձ կլինի այդ ռազմավարության իրականացման կոնկրետ մեխանիզմներին։  

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ, իհարկե, կարևոր է նման նախաձեռնությանն աջակցելը, սակայն ավելի կարևոր է նախաձեռնություն ցուցաբերելը, ուստի ուրախալի է, որ Մատենադարանն իր վրա վերցրել է հայագիտության ուղղությամբ  համակարգող կենտրոն դառնալու դերը, լինելու այն հարթակը, որտեղ կարողանում ենք նաև սկսել կարևորագույն խոսակցություն, և այդ իմաստով նախարարը շատ կարևորեց առաջիկա օրերին Հայագիտության միջազգային կոնգրեսում ծավալվելիք քննարկումները, որոնք առաջին հերթին օգնելու են իրականացնել կառավարության ծրագրով սահմանված մի կարևոր անելիք, այն է՝ Հայագիտության ռազմավարության մշակումը։       

«Բնականաբար, այս կարևոր անելիքի շրջանակում մենք կարիք ունենք լսելու հենց այն մարդկանց, որոնք ներգրավված են այդ կարևոր աշխատանքում, որն իրականացնում են տարբեր երկրներում, ամենատարբեր կոնտեքստներում։ Իսկապես կարևոր է հանդես գալ Հայագիտության համապարփակ ռազմավարությամբ, որը դառնալու է նաև այս ուղղությամբ մեր ամենակարևոր անելիքը։ Հայագիտության զարգացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է։ Մենք ունենք նաև պետբյուջեից ֆինանսավորվող առանձին ծրագրեր, որոնք իրականացվում են տարբեր երկրներում, տարբեր բուհերում, հայագիտական կենտրոններում ձևավորված շրջանակներում, և այս իմաստով մենք ունենք նաև 2024 թվականի դրությամբ պետբյուջեից ֆինանսավորվող 12 պետությունների 15 բուհերում գործող հայագիտական կենտրոններ, որոնց գործունեությունն էլ շատ կարևոր է հայագիտության զարգացման և տարածման տեսանկյունից»,- ասաց Անդրեասյանը։ 

Նախարարը հավելեց, որ ուրախալի փաստ է այդ կենտրոնների մասնակցությունը գալիք կոնգրեսին, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ շրջանակի մեջ պատկերացնել նրանց գործունեությունը։ Անդրեասյանի տեղեկացմամբ՝ մեկ այլ կարևոր նախաձեռնություններից է հայագիտական ցանցային համալսարանի ստեղծումը, որը նպատակ ունի բոլոր վերոհիշյալ կենտրոնների գործունեությունը փոխկապակցել ու համագործակցություն ձևավորել տարբեր օղակների միջև, հետևաբար այդ առումով շատ կարևոր է տվյալ գաղափարի քննարկումը կոնգրեսի շրջանակում։  

«Շատ կարևոր եմ համարում հայագիտության զարգացումը հենց այդ կոնտեքստում, առավել ևս, որ հաճախ խոսում ենք, օրինակ, ԲՏՃՄ ուղղությունների զարգացման մասին, և երբեմն այդ խոսակցությունների ներքո թվում է, թե ստվերվում է հումանիտար, հասարակագիտական ոլորտի զարգացման կարևորությունը։ Իրականում տեխնոլոգիական, բնագիտական ուղղությունների զարգացումն առանց հասարակագիտության և հումանիտար մտքի համարժեք զարգացման՝ որևէ լավ տեղ մինչ այժմ չի տարել, հետևաբար պետք է ոչ պակաս կարևոր ուշադրություն դարձնենք նաև հումանիտար մտքի զարգացման վրա։ Այդ իմաստով հայագիտությանն ուղղված մեր քաղաքականությունը հատկապես կարևոր է։ Վերջին  տարիների մարտահրավերները ցույց են տալիս, թե ինչ կարևոր է ինքնաճանաչողությունը, ինքնահայեցումը։ Հայագիտությունը դրա լավագույն ձևերից մեկն է, որովհետև հենց այս գիտելիքի շերտով է ու հենց սրան անդրադառնալով է, որ մենք կարողանում ենք նաև նոր հայացք գցել այն իրավիճակների ու խնդիրների վրա, որոնք հաղթահարել ենք և տեսնում ենք այն ճանապարհները, որոնցով կարող ենք շարժվել առաջ»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։  

Անդրեասյանը հույս հայտնեց, որ վերոհիշյալ հարթակը կդառնա կարևոր առանցք գիտահետազոտական աշխատանքների համար և իր արտացոլումը կգտնի կրթության բովանդակության մեջ՝ առաջ մղելու և կյանքում իրագործելու այն արդյունքները, որոնք ստացվում են համատեղ քննարկումների ժամանակ, ինչպես նաև դրանք դարձնելու մեր կրթական համակարգի մաս։  

ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն իր հերթին նշեց, որ վերոհիշյալ հարթակն իր տեսակի մեջ առաջինն է և իր հովանոցի տակ կմիավորի աշխարհի բոլոր հայտնի հայագետներին։   

«Կստեղծվի մի միջավայր, որտեղ արդյունավետ կերպով տեղի կունենան մտքերի փոխանակումներ, այդ թվում՝ հետադարձ կապ կապահովվի գիտության և կրթության ոլորտում իրականացվող քաղաքականության հետ, քանի որ շատ կարևոր է միմյանց լեսելն ու հասկանալը, թե տվյալ ոլորտը զարգացման ինչ ուղենիշներ ունի, և ըստ այդմ էլ համապատասխանեցնել պետական քաղաքականությանը, որն այսօր զարգանում է մի քանի ուղղություններով, որոնցից կարևորագույնը հայագիտության միջազգայնացումն է։ Գիտությունը գլոբալ երևույթ է, որի լոկալացումը կբերի դեգրադացման, հետևաբար այս պարագայում հայագիտությունը պետք է զարգանա նաև միջազգային հայեցակարգի շրջանակում, որպեսզի պարզ լինի, թե ինչպես է այն սնում միջազգային գիտակարգերն ու ինչպես է սնվում դրանցից։ Հույս ունենք, որ այս հարթակը կդառնա պարբերական՝ նոր ուղիներ նշելու և առաջ շարժվելու համար»,- ասաց Հայոցյանը։  

Կոնգրեսի շրջանակում հուլիսի 19-ին Մատենադարանի հարակից տարածքում կկազմակերպվի նաև միջազգային հայագիտական գրատոն (էքսպո), հուլիսի 20-ին Մատենադարանի թանգարանում կբացվի «Մեկ տարվա հավերժություն» խորագրով ցուցադրություն, այնուհետև տեղի կունենա բացօթյա համերգ՝ մասնակցությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի։ Հայագիտական միջազգային առաջին կոնգրեսի շրջանակում Տաթևում կազմակերպվելու է նաև Մատենադարանի հեղինակած «Սյունյաց հոգևոր միջնաբերդը․Տաթև» խորագրով պատկերագրքի և MEMAS օտարալեզու գիտական հանդեսի շնորհանդեսները։

Մանվել Մարգարյան 

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԱԶԲ գործադիր տնօրենն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԱԶԲ գործադիր տնօրենն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորմանը

Հուլիսի 18-ի միջոցառումների անոնս

Անոնս

Հուլիսի 18-ի միջոցառումների անոնս

Մայիսին ՀՀ առևտրային բանկերում ավանդների և վարկերի աճ է գրանցվել

Տնտեսություն

Մայիսին ՀՀ առևտրային բանկերում ավանդների և վարկերի աճ է գրանցվել

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ. Հակոբ Արշակյան

Քաղաքականություն

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ. Հակոբ Արշակյան

Փոխվարչապետին զեկուցվել է CEPA-ի կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը

Հայաստան

Փոխվարչապետին զեկուցվել է CEPA-ի կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքը

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Սպորտ

Չեմ կարող բառերով փոխանցել այդ էմոցիաները. Էլմիրա Կարապետյանը` ՕԽ ջահի փոխանցումավազքի մասին

Հայաստանի բյուջեն ընդհանուր առմամբ պահպանել է հավասարակշռությունը

Տնտեսություն

Հայաստանի բյուջեն ընդհանուր առմամբ պահպանել է հավասարակշռությունը

ԲՏԱ նախարարության նպատակներից է զարգացնել գյուղատնտեսությունը տեխնոլոգիական լուծումներով. Մխիթար Հայրապետյան

Բարձր տեխնոլոգիաներ

ԲՏԱ նախարարության նպատակներից է զարգացնել գյուղատնտեսությունը տեխնոլոգիական լուծումներով. Մխիթար Հայրապետյան

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

Եվրոպա

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Կրթություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում