Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

2 րոպեի ընթերցում

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնի շրջանակում անցկացված հատուկ ընդունելության ընթացքում «Վարպետ» մրցանակը հանձնվել է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, ծագումով հնդիկ ամերիկացի ռեժիսոր Տարսեմ Սինխին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սինխը հայ հանդիսատեսին առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։ Նա նաև  «R.E.M.»-ի Losing My Religion, Վանեսա Պարադիի Be My Baby, Լու Ռիդի What’s Good երգերի հոլովակների ռեժիսորն է։

2000 թվականին մեծ էկրան է բարձրացել Սինխի կինոդեբյուտը՝ Ջենիֆեր Լոպեսի գլխավոր դերակատարությամբ կուլտային «Բջիջ» գիտաֆանտաստիկ թրիլլերը, որը բազմաթիվ կինոքննադատներ բարձր են գնահատել հոլիվուդյան կինոյին ոչ բնորոշ անսովոր վառ պատկերային, սիմվոլիկ մտածողության համար։ «Բջիջ»-ից ի վեր Սինխը հեղինակել է ևս 5 լիամետրաժ ֆիլմ, որոնցից վերջինի՝ «Սիրելի Ջասի» դրամայի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2023-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ արժանանալով Platform մրցանակին, իսկ երևանյան պրեմիերա տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 2024-ի օրերին։

Մրցանակը Սինխին հանձնել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը և կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։ Ռեժիսորն իր խորին երախտագիտությունն է հայտնել մրցանակի կապակցությամբ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում