ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:
Առաջին տեղում է Ռուբեն Եսայանի «Վանականերն ունեն գաղտնիք» գիրքը։ Գրքի գործողությունները ծավալվում են Միացյալ Նահանգներում, բայց հերոսները հայ երիտասարդներ են, որոնք մեկնում են սովորելու՝ բնակվելով նույն տանը: Քաղաքում, որտեղ սովորում են հայ երիտասարդները գործում է վանական միաբանություն և հենց սկզբում վանականների և երիտասարդների ճանապարհները խաչվում են:
Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը երկրորդ տեղում է։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։
Երրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Շելա»-ն։ «Շելա» վիպակը հավակնում է դառնալ այս ամառվա ամենասիրված գիրքը․ հայ երիտասարդի ու հրեա աղջկա անհույս սիրո պատմությունը 1940-ականների Բեյրութում և անցյալի հետ հանդիպումը տասնամյակներ անց: Գրիգոր Քեշիշյանի այս վիպակը նախկինում լույս է տեսել միայն ժողովածուների կազմում, իսկ այժմ ներկայանում է ընթերցողին թարմացված խմբագրությամբ։
Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը չորրորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սև ու սպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...
Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» գիրքը հինգերորդ տեղում է։ Լիբանանից Հայաստան տեղափոխված սովետահայ գրող Գրիգոր Քեշիշյանի «Հանդիպում անցյալի հետ» ժողովածուն ներառում է մի շարք պատմվածքներ և ժամանակին շատ հայտնի ու սիրված «Կտակ» վիպակը: Վիպակը ճակատագրի բերումով ԱՄՆ-ում հայտնված հայի զավակների մասին է, որոնք, տասնամյակներ անց, վերադառնում են Հայաստան՝ այստեղ իրենց ընտանիքի հետ վերամիավորվելու: Ժողովածուում է նաև հայտնի նկարիչ Գառզուի մասին պատմվածքը: Բոլոր ստեղծագործություններում կարմիր թելով անցնում է անցյալի հետ առերեսվելու գաղափարը:
Պարույր Սևակի «Սիրերգություն» ժողովածուն վեցերորդն է։ Սիրո հանրագիտարան՝ Պարույր Սևակից։ Ժողովածուն իր տեսակով բացառիկ է, քանի որ ներառում է Պ. Սևակի գրեթե բոլոր սիրային բանաստեղծությունները։ Ավելի ստույգ՝ 133 սիրային բանաստեղծություն՝ բաղկացած չորս շարքերից՝ «Նորից քեզ հետ», «Նույն հասցեով», «Նորից չեն սիրում, սիրում են կրկին», «Սերը՝ հանելուկ»։ Այս գրքի շնորհիվ ընթերցողը ստանում է Պ. Սևակի սիրային քնարերգության ընդհանրական պատկերը՝ հետևելով դրա ստեղծման ու զարգացման բոլոր շրջափուլերին։
Գոհար Նավասարդյանի «Երեք սեր» գիրքը յոթերորդ տեղում է։ Գիրքը սիրո, հիասթափության, չվերջացող կարոտի, զղջման ու կնոջ ուժեղ տեսակի մասին է։ Վիպակի հերոսների մեջ յուրաքանչյուր ընթերցող կգտնի իրեն։ Գրքի նպատակն է սովորեցնել ընթերցողին առանց կոտրվելու ընդունել իրեն հանդիպած փորձություններն ու հաղթել կյանքին` անկախ ամեն ինչից։
Ութերորդ տեղում է Տա Թևերի «731 օր քեզ համար» վիպակը: Վիպակը 2014 թվականին բանակ զորակոչված երիտասարդի մասին է: Գիրքը նվիրված է սահմանին ծառայող զինվորին ու նրան թիկունքում հավատով սպասող հայուհուն: Հերոսն այս պահին ծառայող, արդեն զորացրված, կենդանի կամ անմահացած տղաների հավաքական կերպարն է:
Աշոտ Աղաբաբյանի «Սև Հովազ 2» գիրքը իններորդն է։ Գիրքն Արցախյան պատերազմներն ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին պատմող գեղարվեստական վեպ է: Ներառում է 1996-2024թ Հունվարի 10-ը տեղի ունեցած իրադարձությունները: Վեպում առաջին անգամ ականատես, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ հեղինակը ցույց է տալիս, թե ինչու վերջին պատերազմում պարտվեցինք, և ամենակարևորը՝ ինչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը նամակ է ամբողջ հայությանը, ուղերձ՝ բոլորին:
Տասներորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահական։ Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի...
Տեղ | Փոփ. | Գիրք | | Հրատ. | Քանակ |
1 | 0 | | Ռուբեն Եսայան «Վանականերն ունեն գաղտնիք» | հեղ հրատ | 262 |
2 | նոր | | Գրիգոր Քեշիշյան «Քեզնից հեռու, քեզ հետ» | Դավինչի | 228 |
3 | -1 | | Գրիգոր Քեշիշյան «Շելա» | Դավինչի | 95 |
4 | Նոր |
| Ռաֆայել Մարգարյան «Սպասիր ինձ երկնքում» | հեղ հրատ | 93 |
5 | -2 | | Գրիգոր Քեշիշյան «Հանդիպում անցյալի հետ» | հեղ հրատ | 89 |
6 | Նոր | | Պարույր Սևակ «Սիրերգություն» | հեղ հրատ | 28 |
7 | +1 | | Գոհար Նավասարդյան «Երեք սեր» | հեղ հրատ | 24 |
8 | * | | Տա Թևեր «731 օր քեզ համար» | հեղ հրատ | 19 |
9 | -5 | | Աշոտ Աղաբաբյան «Սև Հովազ 2» | հեղ հրատ | 17 |
10 | -4 | | Գոհար Նավասարդյան «Ինձ պիոններ չնվիրես» | հեղ հրատ | 16 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: