ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի Հանրապետությունը պաշտոնապես դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) լիիրավ անդամ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kazinform գործակալությունը, որոշումն ընդունվեց հուլիսի 4-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ուենցող ՇՀԿ 24-րդ գագաթնաժողովի շրջանակում։
Նիստից առաջ, հատուկ ողջունելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նշեց, որ այդ երկիրն անցել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով, ուստի ՇՀԿ անդամներն անմիջապես անցել են որոշման ստորագրմանը։
«Շուրջ քառորդ դար է՝ մեր կազմակերպությունը դարձել է կարևոր մեխանիզմ միջազգային հարաբերությունների համակարգում և էական ներդրում ունի կայուն աճի և համընդհանուր առաջընթացի ապահովման գործում։ Արդյունավետ փոխգործակցելով քաղաքականության և անվտանգության, տնտեսության և մշակույթի ոլորտներում՝ մեր երկրները սահմանեցին ամբողջ Եվրասիական մայրցամաքի զարգացման վեկտորը»,- իր խոսքում նշել է Տոկաևը։
Ներկայում ՇՀԿ տարածաշրջանի բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության գրեթե կեսը, նրա տարածքը զբաղեցնում է երկրագնդի ցամաքի մոտ մեկ քառորդը, իսկ ընդհանուր ՀՆԱ-ն գերազանցում է 23 տրիլիոն դոլարը:
Հայաստանի Հանրապետությունը 2016 թվականից ունի Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկերոջ կարգավիճակ։