Քաղաքականություն

Խաղաղության օրակարգի առաջմղման գործում մեծ է եվրոպական ընտանիքի դերը. ԱԺ պատգամավորի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

3 րոպեի ընթերցում

Խաղաղության օրակարգի առաջմղման գործում մեծ է եվրոպական ընտանիքի դերը. ԱԺ պատգամավորի ելույթը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունը հստակորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը՝ փորձելով հարթել բոլոր տեսակի խնդիրներն իր հարևանների հետ, և այս գործընթացում չափազանց մեծ է եվրոպական ընտանիքի դերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Հարգելի գործընկերներ, անվիճելի է, որ մարդու ապրելու համար ամենահարմար միջավայրը պետությունն է, իսկ պաշտպանված, ազատ ու բարեկեցիկ ապրելու միջավայրը՝ ժողովրդավար պետությունը, որտեղ ազատ ընտրությունը կարևորագույն արժեք է»,- նշել է Հովհաննիսյանն՝ ափսոսանք հայտնելով, որ հիմա շատ ուղիղ ու շատ ուժգին հարձակում է տեղի ունենում ժողովրդավարության դեմ և ոչ թե տարածքային ամբողջականության, կամ էլ մարդու իրավունքների։ 

Նա իր խոսքում նշել է, որ այդ հարձակումն իրականացվում է հենց ժողովրդավարության դեմ, որովհետև առանց դրա չեն կարող պաշտպանված լինել ո′չ տարածքային ամբողջականությունը, և ո′չ էլ մարդու իրավունքները։ 

Արթուր Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ժողովրդավարությունն այսօր պաշտպանության կարիք ունի՝ առավել քան երբևէ, և հետևաբար ժողովրդավար պետությունների համախմբումն ու համատեղ պայքարն ավտորիտարիզմի դեմ՝ նպատակ ունի ապահովել մեր ժողովուրդների անվտանգության ազատությունը։ 

«Հենց դրա համար էլ իմ պետությունը՝ Հայաստանը, անշեղորեն շարժվելով ժողովրդավարության ճանապարհով, հաստատակամորեն շարժվում է դեպի Եվրամիություն, դեպի ժողովրդավարական արժեքներ, և հայ ժողովուրդն իր ազատության և անկախության համար մղվող ոչ դյուրին պայքարի ընթացքում ձգտում և ակնկալում է ժողովրդավար պետությունների աջակցությունը՝ հանուն ազատության հաղթանակի»,- ասել է ԱԺ պատգամավորը՝ շեշտելով, որ Հայաստանը հստակորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը՝ փորձելով հարթել բոլոր տեսակի խնդիրներն իր հարևանների հետ։ 

Հովհաննիսյանն այս համատեքստում ևս մեկ անգամ կարևորել է պաշտոնական Երևանի կողմից տարածաշրջանի երկրներին առաջարկվող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը համակեցության և խաղաղության մասին է։

«Այս գործընթացներում եվրոպական ընտանիքի դերը չափազանց կարևոր է։ Հետևաբար, չկա ո′չ ազատություն, ո′չ էլ խաղաղություն առանց ժողովրդավարության։ Կեցցե′ ժողովրդավարությունը»,- եզրափակել է նա։ 

 

 

  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում