ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը միանում է ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին: Առաջին փոխանակումը կիրականացվի 2025 թվականից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին ասել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպմանը:
Նրա խոսքով՝Հայաստանն ունի հաջողություններ տեղեկատվության փոխանակման մասով, որոնք կատարվում են հարցումների հիման վրա։ «Մեզ հաջողվել է տարբեր երկրներ հարցումներ կատարելով և ստանալով պատասխաններ՝ վերահաշվարկել հարկային պարտավորությունները, առաջադրել նոր հարկային պարտավորություններ։
Կա ևս մեկ գործիք, որ զարգանում է այդ ֆորմատով։ Դա ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակումն է․ մենք ստանձնել ենք 2025 թվականից առաջին փոխանակումն անել։ Այսինքն՝ երբ մի երկրի ռեզիդենտը մեկ այլ երկրի ֆինանսական հաստատության հետ շփման մեջ է մտնում, տվյալ ֆինանսական հաստատությունը նույնականացվում է որպես մեկ այլ երկրի ռեզիդենտ, և առանց այդ երկրի հարցման տեղեկությունը փոխանակում է իր երկրի հարկային մարմնի հետ, իր երկրի հարկային մարմինը՝ պայմանական Հայաստանի հարկային մարմնի հետ և հակառակը։
Օրինակ՝ բանկային հաշվի բացման դեպքում ֆինանսական հաստատությունը կնույնականացվի և մուտքերի, ելքերի հետ կապված որոշակի ընդհանրական տեղեկություններ կփոխանակի տվյալ երկրի հարկային մարմնի հետ, իսկ տվյալ երկրի հարկային մարմինը՝ մյուս երկրի հարկային մարմնի հետ»,-ասաց Բադասյանը։
Նրա խոսքով՝ տարեկան միլիոնավոր ֆինանսական հաշիվներում շրջանառվում են 1 տրիլիոն եվրոյի հասնող հոսքեր։
«Համակարգն աշխատում է, և մինչև հիմա հնարավոր է եղել 100 միլիարդ եվրոյից ավելի գումար վերականգնել, որից շուրջ 30 միլիարդը բաժին է ընկնում զարգացող երկրներին։ Սա գործող գործիք է, որը կիրառելի է, և Հայաստանը դրան միացել է։
Հիմա քննարկվում է կրիպտոակտիվների հետ կապված նման փոխանակման հարթակի հարցը»,- եզրափակեց Բադասյանը։