ՌԴ տարածաշրջանային և միջազգային համագործակցության խորհուրդը մտադիր է տարբեր ոլորտներում կապերի զարգացման ծրագրեր իրականացնել Հայաստանում
2 րոպեի ընթերցում
![ՌԴ տարածաշրջանային և միջազգային համագործակցության խորհուրդը մտադիր է տարբեր ոլորտներում կապերի զարգացման ծրագրեր իրականացնել Հայաստանում](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/06/28/wTNCCh2KOOKOSm5qbTZXaw8KOxGv49EmbDILnOrT.webp)
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի տարածաշրջանային և միջազգային համագործակցության նորաստեղծ խորհուրդը նախատեսում է տնտեսական, մշակութային և մարզական կապերի զարգացման ծրագրեր իրականացնել նախկին ԽՍՀՄ մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Sputnik Արմենիա»-ի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրած ասուլիսում այդ մասին հայտնեց նշված խորհրդի գլխավոր քարտուղար Էդմոն Էվոյանը:
Բանախոսը նշեց, որ Խորհրդի խնդիրն է ամրապնդել Ռուսաստանի տնտեսական և մշակութային կապերը բարեկամ երկրների հետ՝ կարևորելով հատկապես տարածաշրջանային նախաձեռնությունների զարգացումը:
«Մեր գործունեության առանցքային ուղղություններն են տնտեսությունը, տուրիզմը, մշակութային փոխանակումը և սպորտը: Դրանք այն ոլորտներն են, որոնք միշտ միավորում են պետություններին, ապահովում նրանց միջև փորձի փոխանակումը: Այդ նպատակով մտադիր ենք անցկացնել մի շարք միջոցառումներ: Կձգտենք ամեն կերպ զարգացնել այդ ուղղությունները»,- ընդգծեց Էդմոն Էվոյանը:
Նշվեց, որ համագործակցության արդյունավետ եղանակ կարող են լինել, օրինակ, ուսումնական և մշակութային ծրագրերի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի երեխաների փոխայցելությունները: Չբացառվեց համանման ծրագրերի իրականացումը նաև նախկին խորհրդային այլ երկրներում:
Էդմոն Էվոյանը տեղեկացրեց, որ սեպտեմբերին Հայաստանում նախատեսվում է անցկացնել ֆորում, որին կներկայանան նաև Խորհրդի անդամները:
Մինչև այդ, ծրագրվում է փոխադարձ համագործակցության հնարավորությունները քննարկել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, այդ թվում՝ մարզպետերի և քաղաքապետերի հետ: