Հայաստան

Լուսանկարների ցուցադրություն և նոր գործիքակազմով կայքի շնորհանդես. բացվեց «Արմենպրես»-ի «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը

10 րոպեի ընթերցում

File name: HM2_7755.JPG
File name: HM2_7755.JPG

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալության «Դարի վավերագրություն» ցուցահանդեսում զետեղված են բացառիկ արխիվային լուսանկարներ, որոնց միջոցով հնարավոր է թերթել անցյալի էջերը և «հանդիպել» ականավոր արվեստագետների, սպորտսմենների, քաղաքական և ռազմական գործիչների, վերհիշել երկրի և աշխարհի համար կարևոր իրադարձությունները, պատմամշակութային հուշարձանների կառուցման և վերականգնման պատմությունը: 

Ցուցադրությունը, որ նախորդ տարի բաց էր ընդամենը մեկ օր՝ նշանավորելու գործակալության հիմնադրման 105-ամյակը, հունիսի 27-ին համալրված նմուշներով բացվեց Երևանի սրտում՝ Հայաստանի նկարիչների միությունում:  Միջոցառմանը ներկայացվեց նաև «Արմենպրես»-ի նոր կայքը՝ նոր գործիքակազմով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ լուսանկարների միջոցով կյանքի վավերագրումն արվեստ է:

«Լուսանկարների շնորհիվ ոչ միայն ներկա ենք մեր պատմության վավերագրմանը, այլև արվեստի գործերի ցուցադրության, ուստի կարևորում ենք նման ցուցահանդեսների անցկացումը, տարածումը: Ընդունված է կարծել, որ լուսանկարչությունը միայն պահի  ամրագրումն  է, սակայն լուսանկարիչների սուր աչքի շնորհիվ պատմության նույն դրվագը կարող է բոլորովին այլ կողմից երևալ և բացահայտել այն նուրբ շերտերը, որ առաջին հայացքից տեսանելի չեն: Մեծապես արժևորում եմ այս ցուցահանդեսը, որ հնարավորություն է տալիս ծանոթանալու նորագույն պատմության կարևորագույն էջերին»,-ասաց Անդրեասյանը:

Ըստ նախարարի՝ հասարակական, քաղաքական, մշակութային իրադարձությունները մեզ դարձրել են այնպիսին, ինչպիսին կանք:

«Պատմության ընթացքում «Արմենպրես»-ն ուղեկցել է, քայլել մեզ հետ: Գործակալությունը մեր լավագույն գործընկերներից է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում «Արմենպրես»-ին: Այս ռիթմի, տեմպի մեջ սեփական դիմագիծը, ասելիքը, որակական չափանիշներն ունենալը ձեռքբերում է: Ուրախ ենք, որ գործակալությունը նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց զարգանում է»,-շեշտեց Ժաննա Անդրեասյանն ու հավելեց՝ ուրախ է, որ կայքն ավելի շատ լեզուներով է ներկայանում, արագագործ է դառնում: Նա վստահ է, որ այդ հնարավորություններն ամրապնդելու են 100-ամյա գործակալության տեղը նորօրյա բազմաթիվ մեդիաների շարքում:

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, ողջունելով ներկաներին, ասաց, որ «Արմենպրես»-ը կարողացել է երկար տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքում ներկայացնել մեծ պատմություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետությանը:

«Շատ արժևորում եմ այն փաստը, որ գործակալությունն ավելի քան հարյուր տարի ոչ միայն քաղաքական իրադարձություններն է ներկայացնում, այլև մեր մշակութային կյանքը, մեծանուն վարպետների, արվեստագետների, ֆիքսում է տարբեր իրադարձություններ ու հասցնում մեր օրեր»,-նշեց նա:

Սաֆարյանն «Արմենպրես»-ին երկար տարիների գործունեություն մաղթեց, հարյուրամյակներ, որպեսզի եկող սերունդները կարողանան նաև լուսանկարների միջոցով ծանոթանալ բարձր արվեստին:

«Արմենպրես»-ի տնօրեն Նարինե Նազարյանը ցուցահանդեսի բացումը նշանակալի օր համարեց գործակալության համար և շնորհակալություն հայտնեց ներկաներին գեղեցիկ միջոցառմանն «Արմենպրես»-ի կողքին լինելու համար:

«Ինչու եմ այն գեղեցիկ անվանում, որովհետև այսօր մենք հանրությանն ի պահ ենք հանձնում այն, ինչ իրեն է պատկանում, քանի որ իր պատմության, իր անցյալի, իր արժեքների մի մասն է: «Արմենպրես»-ը մեկ դարից ավելի հայ ժողովրդի զավակն է և պատասխանատու է հոգ տանել այդ ժողովրդի հիշողության մասին՝ փաստագրելով կարևորագույն իրադարձությունները ոչ միայն գրչով, խոսքով, այլև՝ կադրով, որ երբեմն խոսուն է ավելի, ավելի բառաշատ, ավելի գունեղ»,-ասաց նա:

Ստեղծվելով 1959 թվականի դեկտեմբերին՝ գործակալության մասնագիտացված ֆոտոծառայությունը շատ արագ դարձել է Հայաստանի ու արտասահմանյան լրատվամիջոցների ֆոտոլրատվության գլխավոր մատակարարներից մեկը։

«Ցուցադրված ավելի քան 9 տասնյակ լուսանկարները փաստում են՝ «Արմենպրես»-ի ֆոտոխցիկից չի վրիպել ոչինչ. այս կադրերը բոլորիս մտապատկերում կենդանացնում են այն իրադարձությունները, որոնց մասին միշտ լսել ենք, կարդացել, ու յուրաքանչյուրս ստեղծել ենք այդ իրադարձությունների մեր պատկերացումները, իսկ այսօրվա ցուցադրությունը մեզ մտովի այդ ժամանակներ տեղափոխվելու և իրական պատմությանը հաղորդակից դառնալու հնարավորություն է ստեղծում:  «Արմենպրես»-ը մեկ միլիոնից ավելի լուսանկար ունի: Թվային դարաշրջանը մեզ հնարավորություն է տալիս օրական ստեղծվող մի քանի տասնյակի հասնող ֆոտոնյութերը միանգամից պահպանել ֆոտոպահոցներում՝ ճիշտ մակագրմամբ, ժամանակակից լեզվով ասած՝ ճիշտ թեգավորմամբ, սակայն մենք մեր պահոցներում թվայնացման սպասող հարյուր հազարավոր ժապավեններ ունենք, որոնց ուսումնասիրությունը մեզ թեմատիկ ցուցադրությունների հարուստ նյութ է տալիս:  Սպասեք նոր ցուցադրությունների ու նորությունների նաև հայկական աշխարհի լուսանկարներն աշխարհին հասանելի դարձնելու իմաստով»,-շեշտեց Նարինե Նազարյանը:

Անդրադառնալով «Արմենպրես»-ի նոր կայքին, որը հարուստ է նոր գործիքակազմով, գործակալության տնօրենն ասաց՝  օրը նշանակալի է նաև «Արմենպրես»-ի հենց այս առաքելության տեսանկյունից՝ աշխարհին հնարավորինս օպերատիվ հասցնել Հայաստանին ու հայ ժողովրդին, մեր կենսագործունեության համար կարևոր տարածաշրջաններին առնչվող լուրերը, դրանք հասցնել հնարավորինս մեծ լսարանի, աշխարհին հասկանալի հնարավորինս շատ լեզուներով: 

Նազարյանը հիշեցրեց՝ «Արմենպրես»-ի ժապավենը թարգմանվում է 9 օտար լեզվով, սակայն արդեն հասունացել էր արագագործ, թվային նոր լուծումներով հագեցած կայք ունենալու ժամանակը, որպեսզի օտար լեզուներով բովանդակության բազմազանությանը զուգընթաց դրանք ավելի տեսանելի դառնան օտարալեզու ընթերցողին, որպեսզի գործակալությունը բարելավի իր դիրքերը որոնողական համակարգերում, որպեսզի ստեղծվի թեգային այնպիսի համակարգ, որ արագ զարգացող այս աշխարհում, երբ լուրը երբեմն անգամ վայրկյանների կյանք ունի, քանի որ հաջորդ վայրկյանը նոր լուր է ծնում, հեշտ լինի ստանալ, գտնել, կարդալ, լսել, դիտել, տարածել ու պահպանել: 

«Նոր, արագագործ ու թվային բազմապիսի լուծումներով կայք ունենալը ժամանակի հրամայական էր, երբ արհեստական բանականությամբ թելադրված լուծումներն արդեն անտեսել հնարավոր չէ: Մենք աշխատում ենք լինել հնարավորինս շատերինը, բոլոր հայերինը, հնարավորինս շատ օտարերկրացիներինը, մենք աշխատում ենք այսօրվա ձեռքբերումները դարձնել սերունդներինը, այսօրվա դասերն ուսանելի դարձնել նաև ապագայում, մենք սա անում ենք մեր գլխավոր առաքելությամբ՝ փաստագրել, տեղեկացնել, պահպանել»,-եզրափակեց Նարինե Նազարյանը՝ լավ երեկո մաղթելով բոլորին:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 4-ը:

Կայքի նախագծումն ու ստեղծումն իրականացրել է «Մաթեմատ» ընկերությունը, որի հիմնադիր-տնօրեն Վարդան Թորոսյանը փոքր շրջագայություն կատարեց կայքի բաժիններում՝ ընթերցողներին ու գործընկերներին ներկայացնելով, թե ինչ կարևոր կետերի պետք է ուշադրություն դարձնել ու ինչ նորամուծություններ կան։

KCNz3SyCKowT7Iz0BAOVruWybIi8HTLV3H9zZH6X.webp

«Արմենպրես»-ը, որի պատմությունը սկսվում է 1918 թվականից, Հայաստանի առաջատար լրատվական գործակալությունն է։ Oրական հրապարակվում է մոտ 200 հայերեն լուր՝ թարգմանվելով ռուսերեն, անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն, թուրքերեն, իսպաներեն, վրացերեն, պարսկերեն և չինարեն: Գործակալությունն ունի Հայաստանի ամենահին ու ամենամեծ ֆոտոարխիվը, որում ներառված է շուրջ 1 մլն լուսանկար։ Դրանցից շատերը բացառիկ են և ունեն մեծ կարևորություն պատմության վավերագրման տեսանկյունից։ «Արմենպրես»-ը վերջին տարիներին ակտիվորեն զբաղվում է նաև տեսանյութերի արտադրմամբ և պոդքաստային ծառայությունների մատուցմամբ։ Լատինական Ամերիկայից մինչև Եվրոպա, Աֆրիկայից մինչև Ասիա. «Արմենպրես»-ը վերջին տարիներին համագործակցության պայմանագրեր է կնքել ավելի քան 30 լրատվական գործակալության հետ։ Միջազգային սերտ համագործակցությունը հնարավորություն է տալիս օտարերկրյա գործընկերների հետ իրականացնել համատեղ միջոցառումներ և նախագծեր, փորձի փոխանակում և լրագրողների վերապատրաստումներ։ Այս համագործակցությունները հնարավորություն են տալիս լավագույնս ներկայացնել Հայաստանն ու երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

 

Տեղադրություն

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Եվրոպա

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Եվրոպա

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

Հայաստան

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում