ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին 2-րդ նստաշրջանի 5-րդ նիստում կողմ քվեարկեց քաղաքի՝ 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից Ալավերդի համայնքին 50 մլն դրամ հատկացնելու առաջարկին: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այդ գումարն ուղղվելու է մայիսյան ջրհեղեղից տուժած Ալավերդիում սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:
Այդ նախաձեռնությունը նախապես արժանացել էր Երևանի քաղաքապետարանի Գլխադասային, ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Նախագիծը նիստի պատվիրակներին ներկայացրեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լուսինե Գևորգյանը: Նա նշեց, որ մայրաքաղաքը մշտապես գտնվելով երկրի մյուս քույր համայնքների կողքին և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համապատասխան դրույթներով՝ օգնության ձեռք է մեկնում Ալավերդիին:
«Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել 50 մլն դրամ «Բյուջետային ծախսերի դասակարգման այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով: Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: Սույն գումարը հատկացվելու է Ալավերդի համայնքին: Դա համայնքին հնարավորություն է ընձեռում սույն գումարի չափով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանը և ստանձնելով սուբվենցիոն ծրագրի պարտավորություն՝ կրկնապատկել կամ մինչև 70 մլն դրամով ավելացնել այդ գումարը և իրականացնել կապիտալ ծախսեր»,- նշված է նիստի պատվիրակների հաստատած որոշման մեջ:
Մայիսի 25-26-ին տեղացած հորդառատ անձրևների պատճառով առաջացած հեղեղումների հետևանքով զգալի վնաս է հասցվել Լոռու և Տավուշի մարզերին, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարության մայիսի 27-ի որոշմամբ ճանաչվել են աղետի գոտի: