Փաշինյանի համոզմամբ՝ ընդդիմադիր շարժումը տապալվել է՝ պայմանավորված իրական Հայաստանի գաղափարախոսության ժողովրդական ընկալմամբ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հերթական ընդդիմադիր շարժումը ձախողվել է, որովհետև իրական Հայաստանի գաղափարախոսությունը հաստատվել է Հայաստանում և ընկալվել է ժողովրդի կողմից:
«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ այս մասին Նիկոլ Փաշինյանը խոսել է Հանքավանում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Քաղաքական ժողովում։
«Հայաստանում հերթական ընդդիմադիր շարժումը տապալվեց, որովհետև իրական Հայաստանը՝ որպես գաղափարախոսություն, այսօր, այս օրերին և նախորդող շրջանում հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում և ընկալվում է ժողովրդի կողմից»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ համոզմունքի աղբյուրը գալիս է մարդկանց հետ անմիջական շփումներից, իրեն ուղղված նամակներից ու սոցիալական ցանցերի որոշակի հետազոտություններից:
Վարչապետը հատկանշական համարեց ժողովրդի կողմից իրական Հայաստանի գաղափարախոսության արագ ընկալման փաստը:
Փաշինյանի կարծիքով, արագ ընկալումը կարող էր տեղի ունենալ միայն այն պարագայում, որ այդ գաղափարախոսությունը ոչ այնքան ՔՊ-ինն է կամ կառավարող մեծամասնությանը, այլ հենց ժողովրդինն է:
«Այսինքն՝ ոչ թե քաղաքական մեծամասնությունն այդ գաղափարախոսությունը մտածել է, ձևակերպել, հաղորդակցել ժողովրդին և ժողովուրդը դա ընկալել է, այլ իրականում դա ժողովրդի գաղափարախոսությունն է: Ի վերջո, Հայաստանում հայտնվել է քաղաքական ուժ, որը վերցնում է ժողովրդի մտածածը և այն ձևակերպում է որպես քաղաքական գաղափարախոսություն»,- ընդգծեց վարչապետը՝ հավելելով, որ այդ համատեքստում ժողովուրդը ոչ թե այդ գաղափարախոսության օբյեկտն է, այլ՝ սուբյեկտը:
Փաշինյանն ընդգծել է, որ ժողովուրդն այս գաղափարախոսության ակունքն ու աղբյուրն է, իսկ կառավարող մեծամասնությունը հասկացել է այն, ինչ նա երկար ժամանակ փորձում էր բացատրել: