Ռուսաստան

ՆԱՏՕ-ին անհանգստացնում է Ռուսաստանի հնարավոր աջակցությունը ԿԺԴՀ-ի հրթիռային և միջուկային ծրագրերին․ Ստոլտենբերգ

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ին անհանգստացնում է Ռուսաստանի հնարավոր աջակցությունը ԿԺԴՀ-ի հրթիռային և միջուկային ծրագրերին․ Ստոլտենբերգ

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ին մտահոգում է այն, որ Ռուսաստանը կարող է օգնել Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրերի զարգացմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Փհենյան այցից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Օտտավայում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպումից առաջ տեղի ունեցած քննարկման ժամանակ։ 

«Մենք տեսնում ենք, որ Ուկրաինայի պատերազմում Հյուսիսային Կորեան հսկայական քանակությամբ զինամթերք է տրամադրել... Իհարկե, դրա դիմաց Ռուսաստանն ինչ-որ բան է տալիս Հյուսիսային Կորեային, և մենք խորապես մտահոգված ենք, որ կա հնարավորություն, որ Ռուսաստանն այժմ աջակցություն է տրամադրում նրանց միջուկային և հրթիռային ծրագրերին», - ասել է Ստոլտենբերգը։

Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նշել է, որ պաշտպանության ոլորտում Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև կնքված համաձայնագիրը ցույց է տալիս «ավտորիտար երկրների» միջև համախմբվածությունը, հետևաբար, կարևոր է, որ ժողովրդավարական երկրները հանդես գան միասնական ճակատով։ 

Ստոլտենբերգը կրկնել է իր քննադատությունը Չինաստանի հասցեին՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու համար։ 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 18-19-ը պետական ​​այցով գտնվում էր Հյուսիսային Կորեայում։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում