Հայաստան

Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ բացահայտումներ, որոնք նոր լույս են սփռում Հայոց ցեղասպանության փաստերի վրա

21 րոպեի ընթերցում

Հայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ բացահայտումներ, որոնք նոր լույս են սփռում Հայոց ցեղասպանության փաստերի վրա

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանացի գիտնական, թուրքագետ Հիլմար Կայզերը և ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանը, համատեղ ուսումնասիրության ենթարկելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ ինչպես թուրքական, օսմանյան այնպես էլ հայկական արխիվային փաստաթղթերը և բնագիր ձեռագրերը, պատրաստվում են դրանք 2 գրքի տեսքով հրատարակել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ։ Հեղինակների դիտարկմամբ՝ գրքերը կունենան միմյանց փոխլրացնող տրամաբանություն, և դրանց լույս ընծայումը կոչնչացնի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի մերժման վերջին պաշտպանական գիծը, քանի որ հիմնված են ոչ թե միայն հայկական սկզբնաղբյուրների, այլև հենց թուրքական արխիվների վրա, որոնց նույնական լինելը և միմյանց չհակասելն ապացուցում են կատարված ուսումնասիրությունների ճշմարտացիությունը։   

«Արմենպրես»-ի հետ զրույցում հրատարակվելիք գրքի հեղինակները ներկայացրին, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում հետազոտության ենթարկվող թուրքական և հայկական աղբյուրները և ո՞րն է դրանց նորույթը՝ հաշվի առնելով այն, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հազարավոր արխիվներ և հուշագրություններ արդեն իսկ ուսումնասիրվել են՝ ապացուցելով 20-րդ դարի սկզբին օսմանյան ղեկավարների կողմից միլիոնավոր հայերի սպանության անհերքելի իրականությունը։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանն, անդրադառնալով երկու գիտնականների կողմից իրականացվող համատեղ աշխատանքի կարևորությանը, նշեց, որ Հիլմար Կայզերը մուտք ունի և կարողանում է աշխատել թուրքական արխիվներում, ինչը խիստ կարևոր է:

Էդիտա Գզոյանը հավելեց, որ մեկտեղված ուժերով ավելի խորը հետազոտություններ կարող են արվել, ինչը բեկումնային կարող է լինել ոլորտի համար և նաև ինստիտուտի համար՝ ուժեղացնելու վերջինիս տեղը, դիրքը միջազգային գիտական համայնքում։ 

«Պարոն Մինասյանն էլ արխիվների շատ լավ մասնագետ է դեռ վաղուց․ հիմնականում Մերձավոր Արևելքի արխիվների գիտակ է, և իր աղբյուրագիտական տեղեկություններով կիսվում է նաև մեր գիտաշխատողների հետ»,- ընդգծեց Գզոյանը։ 

Զրույցի սկզբում գերմանացի թուրքագետ և արխիվագետ Հիլմար Կայզերը նշեց, որ այս փաստաթղթերի հետ կապված, և ընդհանրապես, Հայոց ցեղասպանության թեմայով Թուրքիայում տարբեր ելույթներ, դասախոսություններ է ունեցել, ինչի հետևանքով թուրքերի կողմից ստացել է սպառնալիքներ և դժգոհություններ։ Նա նաև հավելեց, որ այս թեմայի շրջանակներում հարցազրույց է տվել նաև մի թուրք լրագրողի, ով ևս թուրքական իրավապահ մարմինների կողմից ենթարկվել է հետապնդումների, այդուհանդերձ, լրագրողը հրապարակել է հարցազրույցը՝ խիստ անհանգստություն պատճառելով թուրք ազգայնականներին։

Դոկտոր Կայզերն, անդրադառնալով այն հացին, թե Հայոց ցեղասպանությանը վերաբերող ի՞նչ թուրքական արխիվային փաստաթղթերի և ձեռագրերի մասին է խոսքը՝ նշեց, որ իր ձեռքի տակ հայտնված փաստաթղթերի հետազոտությունը հստակ ցույց է տալիս, որ թեմայի վերաբերյալ թուրքական և հայկական փաստաթղթերը համընկնում են․ թուրքական արխիվների ուսումնասիրությամբ զբաղվում է հենց ինքը, իսկ հայկականով՝ Միհրան Մինասյանը։ 

«Ես գալիս եմ թուրքական կողմից, պարոն Մինասյանը՝ հայկական։ Մենք պարզել ենք, որ թուրքական և հայկական փաստաթղթերը համընկնում են: Հակասություն չկա: Նախկինում Թուրքիան միշտ պնդում էր, որ թուրքական փաստաթղթերն այլ պատմություն են պատմում․ ո′չ: Նրանք պատմում են նույն պատմությունն՝ այլ շեշտադրումներով։ Եթե Միհրանի նյութը զոհի փորձառությունն է, իմ նյութը ներկայացնում է ոճրագործի մոտեցումը: Այսպիսով, եթե այս երկու տեսանկյունները միասին վերցնեք, դուք կստանաք ամբողջական պատկերը: Այսպիսով, ես ունեմ նկարի կեսը, նա ունի մյուս կեսը: Մենք այստեղ միասին աշխատում ենք ամբողջ պատկերը ստեղծելու համար»,- նշեց Կայզերը: 

Վերջինիս փոխանցմամբ՝ փաստաթղթերը Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի պաշտոնական փաստաթղթերն են, որը հայերի տեղահանության և սպանության հիմնական կազմակերպիչն էր, իսկ փաստաթղթերն այսօր գտնվում են Թուրքիայի պետական ​​արխիվում՝ Ստամբուլում։

«Բոլոր փաստաթղթերը, որոնք մենք ստանում ենք, կատալոգավորվել են, վավերացվել են և ունեն արխիվային տեղեկատու համար: Այս նյութի իսկության մասին քննարկում չկա։ Փաստաթղթերը համեմատելով և փորձագիտական տեսանկյունից աշխատելով այս արխիվների հետ՝ մենք կարող ենք ցույց տալ, որ այսօր մեզ համար դեռևս բաց չեն շատ կարևոր նյութեր, ինչպես օրինակ` հայկական ունեցվածքի գործերը։

1983-1984 թվականներին թուրքական կառավարությունը հրապարակել էր Թալեաթ փաշայի «ժխտման գիրքը», որում նրանք (խմբ․թուրքական կառավարությունը) արտատպել են օսմանյան մատյանների ֆայլերը։ Քառասուն տարի անց մենք դեռ չունենք դրանք կատալոգում: Մենք հասանելիություն չունենք գրանցամատյաններին։ Նրանք մեզ չեն տալիս, ուստի ինչ-որ բան թաքցնում են: Բայց հետո զավեշտալիորեն նրանք մի քանի էջ են վերարտադրում։ Եթե ​​համեմատում եք գրանցամատյանների գրառումներն արխիվներում գտնվող փաստաթղթերի հետ, ապա գրանցամատյանում տեսնում եք փաստաթղթեր, որոնք արխիվներում չկան: Որտե՞ղ են այս փաստաթղթերը: Այսպիսով, կան հակասություններ: Սա նշանակում է, որ մեր խնդիրը ոչ միայն աշխատելն է այն փաստաթղթերի վրա, որոնք ունենք, այլև այն է, որ մենք փորձում ենք պարզել, թե ինչն է բացակայում»,- հայտնեց Հիլմար Կայզերը: 

Գիտնականի դիտարկմամբ՝ հայերի մահապատժի գլխավոր գրասենյակը եղել է Հանրային անվտանգության գրասենյակը, որը Թուրքիայի ներքին գործերի նախարարի հիմնական գրասենյակն էր: 

«Որակավորում չունեցող ինչ-որ հայ պատմաբան վերջերս հարձակվել է Հայաստանի կառավարության վրա, երբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչներից մեկը (խմբ․ խոսքը՝ ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի մասին է) առաջարկեց, որ պետք է փորձել բացահայտել յուրաքանչյուր զոհի: Պատմաբանն ասաց, որ դա հնարավոր չէ։ Սա սխալ է. դա ասողը երբեք չի կարդացել արխիվները։ Նա նույնիսկ չգիտի կատալոգը։ Եվ նա ակնհայտորեն երբեք չի զբաղվել ցեղասպանագիտական գրականությամբ։ Իսկ իրականությունը հետևյալն է. երբ հայերը տեղահանվեցին, նրանց հանեցին գյուղից, կանգնեցրեցին հրապարակում, որից հետո սկսեցին գրանցել։ Դա տևեց մոտ երկու օր։ Յուրաքանչյուր հայ ընտանիք և դրա անդամները գրանցվեցին, և թուրքերը կազմեցին բոլոր տեղահանվածների երեք նույնական ցուցակներ։ Ցուցակի մեկ օրինակը պահվել է բնակության մատյանում։ Երկրորդ օրինակն ուղարկվել է Ստամբուլ՝ կենտրոնական գրասենյակ։ Երրորդ օրինակը տրվել է ժանդարմներին՝ տեղահանության համար։ Եվ եթե ինչ-որ մեկը մահացել է, նրա անունն այդ ցուցակներից հեռացրել են․․․»,- ընդգծեց Կայզերը: 

Վերջինս նաև հայտնեց, որ այժմ հասանելի է ընդամենը երկու այդպիսի ցուցակ․ մեկը Երուսաղեմի պատրիարքարանում է, իսկ մյուսն իրեն տվել են իր թուրք ընկերները։ Նա նշեց, որ այդ ցուցակները կան, բայց դրանք հասանելի չեն: 

«Չեմ կարող ասել, թե արդյոք կան բոլոր ցուցակները, բայց նրանք, որոնք պաշտոնապես արտաքսվել են, միշտ գրանցված են եղել այդ ցուցակներում»,- ասաց նա։

Հիլմար Կայզերն ընդգծեց, որ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ Ստամբուլում՝ Ներքին գործերի նախարարությունում, եղել է Օսմանյան կայսրության մի հսկայական քարտեզ, որի վրա տեղադրված են եղել փոքրիկ դրոշներ, որոնց միջոցով թուրք ղեկավարները կատարյալ և ամբողջական վերահսկողություն են ունեցել հայերի հետ կատարվողի վրա։  

«Նրանք 4-6 ամիսը մեկ անգամ անցկացնում էին ամբողջ կայսրության հաշիվը՝ քանի՞ հայ կա դեռ այնտեղ, քանի՞սն են արտաքսվել, քանիսն են հասել անապատ: Նրանք դա անում էին երեք տարի, ուստի հստակ գիտեին, թե ամեն անգամ քանի հայ է մահացել: Կարևորն այն է, որ սա միայն վիճակագրական նյութ չէ։ Սրանք գործառնական տվյալներ են: Այս տվյալները հավաքագրվել են որոշումներ կայացնելու համար»,- նշեց Հիլմար Կայզերը:  

Գերմանացի գիտնականը հիշեցրեց, որ մոտ 20 տարի առաջ Յուսուֆ Հալաչօղլուն (2011 թվականի ընտրությունների ժամանակ, ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր։ Վերընտրվել է 2015 թվականին։ Հրապարակայնորեն ժխտում է Հայոց ցեղասպանությունը) խաբեություն է կատարել՝ ասելով, որ ինքն ունի հայերի տեղահանության ցուցակները և հրավիրել է աշխատել դրանց վրա։  

«Մենք ասացինք՝ Յուսուֆ բեյ, հրաշալի է, այո, մենք ուզում ենք դա անել։ Ինչից հետո նա ուղղակի փախավ։ Այսպիսով, այո, նա ուզում էր ժխտել Հայոց ցեղասպանությունը, բայց մենք նրան արձագանքեցինք՝ ասելով, որ մենք կաշխատենք դրա վրա, և այն, ինչ դուք ունեք, ապացուցում է մեր դատը թուրքական կառավարության դեմ։ Դրանով նա հաստատեց, որ այդ ցուցակները գոյություն ունեն, և որ նրանք ունեն ողջ մնացած հայերի գրանցամատյան: Քանի որ, երբ որոշ հայեր մահմեդականություն ընդունեցին, նրանք դեռ գրանցված էին որպես հայ»,- ասաց Կայզերը։ 

Վերջինս պատմեց, որ Ցեղասպանության տարիներին Անկարայում Հալիլ Ռեջայի բեյ անունով մի զինվորական հրամանատար է եղել, ով ասել է, որ հայերին արտաքսելն իմաստ չունի, քանի որ նրանք նեղություն չեն տալիս, աշխատում են զինվորականների համար, հետևաբար Հալիլ Ռեջայի բեյը հրաժարվել է ստորագրել հայերի տեղահանության կամ սպանության հրամանը։

«Դրանից հետո նահանգապետը զայրացել է և հեռագրել Թալեաթին՝ նշելով, որ զինվորականները չեն համագործակցում։ Այնուհետև Թալեաթը գնացել է Էնվեր փաշայի մոտ։ Դրա արդյունքում Էնվերը աշխատանքից ազատել է Հալիլ Ռեջայի բեյին, քանի որ վերջինս չի համագործակցել։ Իսկ դուք գիտե՞ք, թե այդ ժամանակ թուրքերն ի՞նչ են ասել հայերի վերաբերյալ։ Նրանք ասել են․ «Մենք հայերին արտաքսում ենք ոչ այն պատճառով, որ նրանք խնդիրներ են ստեղծում, այլ հայերին տեղահան ենք անում այն պատճառով, որ նրանք խնդիրներ չեն ստեղծում։ Սա լավ հնարավորություն է, քանի որ հայերը չեն դիմադրում։ Հիմա դա անելու ժամանակն է: Չեն դիմադրում։ Մենք կարող ենք դա անել»,- նշեց գերմանացի գիտնականը։ 

Հիլմար Կայզերի ուսումնասիրության համաձայն՝ հենց օսմանյան տվյալներով հայտնի է դառնում, որ Օսմանյան կայսրությունում ապրել է մոտ 1.750.000 հայ, բայց դա ցածր թիվ է: 1 մլն 750 հազար մարդուց երկու տարվա ընթացքում սպանվել է 1.400.000-ը։  Դա 80 տոկոսն է, հետևաբար, նրանք գիտեին, որ սպանել են հայերի 80 տոկոսին: 

Նա նաև նշեց, որ փաստաթղթերը ցույց են տալիս, որ Դիարբեքիր նահանգում շատ արմատական ​​մարդ է եղել՝ Մեհմեդ Ռեշիդ բեյը։ Նա հայտնի է եղել որպես «մսագործ» և պատասխանատու է մոտ 250 հազար սպանությունների համար։ 

«Նա գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթին՝ հայտնելով հայերին սպանելու ցանկության մասին։ Նա գրել է, որ դրա դիմաց ուզում է ստանալ 500 թուրքական լիրա, և այդ գումարն ուղարկվել է նրան։ Այսպիսով, մենք ունենք Ռեշիդի առաջարկը՝ հեռագիրը, և այն, որ այդ 500 լիրան ուղարկվել է նրան»,- նշեց գիտնականը՝ հավելելով, որ թուրքերը վախեցել են հեռագրի տակ անուն նշել, պարզապես գրել են նախարար, քանի որ դա պաշտոնական փաստաթուղթ է և սպանության հրաման։  

«Դրանք հիմնականում կոդավորված հեռագրեր են: Կոստանդնուպոլսից Դիարբեքիր եկող հրամանի իմաստը հասկանալու համար պետք է հասկանալ նախկինում եղածը՝ այն, թե ինչ է եղել դրանից առաջ։ Դուք պետք է կապեք դրանք միմյանց: Եթե ​​դուք չեք միացնում դրանք, ապա թվում է, թե ոչինչ չկա: Ամենաանմեղ փաստաթուղթն ամենաարյունալին է։ Այնպես որ, պարզ է, որ նրանք ցանկանում էին սպանել հայերին։ 

Իմ հետազոտության ընթացքում ես գտա մի փաստաթուղթ, որի համաձայն Թալեաթն ասում է՝ «սպանեք հայերին ու սպանեք այնտեղ», բայց նա այլ լեզու է օգտագործում։ Ես Թալեաթի հրամանն ունեմ, որում նա ասում է՝ «սպանեք նրանց այնտեղ», իսկ Միհրանն ունի հետազոտությունը, թե որտեղ են հայերի ոսկորներն ու մասունքները։ Այսպիսով, մենք ոչ միայն հրաման ունենք, այլև դիակների գտնվելու վայրն ունենք»,- ասաց դոկտոր Կայզերը։

Վերջինիս պնդմամբ՝ արխիվային այս բոլոր փաստաթղթերն ուղղակի ոչնչացնում են թուրքական կառավարության պաշտպանության վերջին գիծը, որով նրանք ստում են սեփական բնակչությանը, թե սպանության հրաման չի եղել։ 

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել նման մեծ կարևորություն ունեցող արխիվային փաստաթղթերի հետ՝ Հիլմար Կայզերը հաղորդեց, որ ինչպես իր կողմից ուսումնասիրվող թուրքական արխիվներն, այնպես էլ Միհրան Մինասյանի կողմից ուսումնասիրվող փաստաթղթերը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին լույս կտեսնեն գրքի տեսքով։

OLD08670.JPG

«Մեր ամբողջ ունեցածը կհրապարակվի այստեղ հաջորդ տարի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, տեղի կունենա գրքի շնորհանդես՝ բոլոր ապացույցներով և սպանությունների հրամանի տակ Թալեաթի ստորագրությամբ»,- նշեց նա։ 

Հայկական աղբյուրներն ու արխիվային փաստաթղթերն ուսումնասիրող, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի խորհրդական և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի արևելագիտության բաժնի խորհրդական, հայագետ, ցեղասպանագետ, արխիվագետ Միհրան Մինասյանն էլ մանրամասներ ներկայացրեց 2025 թվականին հրատարակվելիք գրքի և դրա հիմքում ընկած հայկական արխիվային փաստաթղթերի վերաբերյալ։

«Ես կցանկանայի մատնանշել Հայոց Ցեղասպանության առնչությամբ հայկական աղբյուրների կարևորությունը։ Այսօր և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս առկա են Ցեղասպանության մասին բազմահազար փաստաթղթեր՝ լինեն դրանք ուղղակի փաստաթղթի տեսքով, նամակի տեսքով, տեղեկագրերի, հեռագրերի, հուշագրերի տեսքով, մինչև այսօր, տակավին, գիտական շրջանառության մեջ դրված չեն, հրատարակված չեն, ուսումնասիրված չեն։ Ցեղասպանությունից 110 տարի անց այդքան չուսումնասիրված նյութ ունենք և՛ Հայաստանի ազգային արխիվում, և՛ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուում, և՛ Եղիշե Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուում, և՛ Մատենադարանում, և՛ արտասահմանյան հայկական և օտար հաստատություններում»,- ասաց Մինասյանն ու հավելեց, որ 1915 թվականին հայ մտավորականները սկսեցին Ցեղասպանության վերաբերյալ փաստաթղթեր և նյութեր հավաքել։ Նրանք պատմաբաններ էին, պատմական վավերաթղթերի արժեքն իմացող մարդիկ էին, որոնցից մեկն Արամ Անտոնյանն էր, ինչպես նաև Գևորգ Մեսրոպը, Արշակ Ալբոյաջյանը և այլոք, որոնք կարողացան հավաքել, մեկտեղել հուշագրությունների, փաստաթղթերի, վկայությունների հսկայական ծավալով նյութեր։ 

Միհրան Մինասյանի հաղորդմամբ՝ 1918 թվականին Հալեպում ստեղծված Հայ ազգային միությունը որոշ բյուջե է տրամադրել Արամ Անտոնյանին, իսկ վերջինս էլ սկսել է գրի առնել բոլոր այն մարդկանց պատմությունները, որոնք վերաբերում էին Ցեղասպանությանը։ 

«Նույնիսկ նրանք, որոնք իրենց հուշերը գրի էին առել և չէին ցանկանում բնօրինակը հանձնել Արամ Անտոնյանին, բերում էին այդ գրասենյակ, և վերջինս դրանք ընդօրինակում էր: Այսօր այդ ընդօրինակություններից կա, որը պահվում է Փարիզի Նուբարյան մատենադարանում, իսկ բնօրինակը գոյություն չունի՝ հավանաբար կորել է»,- ընդգծեց Մինասյանը՝ հավելելով, որ այդ փաստավավերագրական նյութերն օգտագործվել են 1919 թվականին Օսմանյան կայսրության նախկին ղեկավարների դատավարության ժամանակ։

«Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանն իրավունք ուներ իր կողմից քարտուղար ուղարկել դատարան, և այդ քարտուղարն ամեն օր գնում էր դատարան, նոր հասած փաստաթղթերը, վկայություններն ընդօրինակում էր։ Պատրիարքարանն այդ դատավարություններում ներկայանում էր որպես երկրորդ կողմ: Հետո դատարանի պաշտոնյաները համեմատում էին դրանք բնօրինակի հետ, հատուկ կնիք էին փակցնում և հաստատում, որ տվյալ ընդօրինակությունը ստույգ է։ Եվ այդպիսով, կարողացան նաև հարյուրավոր, հազարավոր այդպիսի օսմաներեն փաստաթղթեր հավաքել։ Եվ այդ բոլորն այսօր առկա են, թեև քիչ բան է ուսումնասիրված»,- նշեց Միհրան Մինասյանը՝ հստակեցնելով, որ Արամ Անտոնյանը հավաքել է և՛ օսմաներեն նյութեր, և՛ հայերեն նյութեր և՛ այն բոլոր հեռագրերը, որ կան Թալեաթ փաշայից։   

Միհրան Մինասյանը, խոսելով հայկական արխիվային փաստաթղթերի մասին, նաև նշեց, որ դրանց հավաքչական աշխատանքների ընթացքում Արամ Անտոնյան օգտագործել է նաև Սիրիայի համակենտրոնացման գլխավոր ճամբարներից մեկում՝ Մեսքենեում հանդիպած Նայիմ Սաֆա բեյի հուշերը և վերջինիս մոտ եղած փաստական նյութերը։ 

«Քանի որ այդ մարդը բավականին բարձր պաշտոն ուներ, աքսորվածների տեղավորման գրասենյակներում բարձր պաշտոնյա էր, նրա մոտ եղել են այդպիսի մոտ հինգ տասնյակ հեռագրեր Թալեաթից՝ Հալեպի կառավարիչին, Հալեպի կառավարիչից՝ Դերզորի կառավարիչին։ Այդ բոլորը Անտոնյանը կարողացել է գնել Նայիմ բեյից: Ավելին, Նայիմ բեյն իր հուշերը, տեղահանության հետ կապված իր տեսածները գրել և այդ ամենը հետո հանձնել է Արամ Անտոնյանին, վերջինս էլ դրանք թարգմանել է հայերեն՝ հրատարակելով իր նշանավոր գիրքը, որը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության կարևորագույն սկզբնաղբյուրներից մեկն է՝ «Մեծ ոճիրը» վերնագրով։ Նա այդ գրքում բոլոր փաստաթղթերը հրատարակեց, և այսօր դրանք դրված են գիտական շրջանառության մեջ»,- մանրամասնեց Մինասյանը՝ հավելելով, որ Արամ Անտոնյանը Հալեպում բավականին մեծ քանակությամբ այդպիսի հուշեր է հավաքել և հետո իր հետ տեղափոխել Փարիզ։

«1928-ին Փարիզում հիմնվեց Նուբարյան մատենադարանը, և Արամ Անտոնյանը ստանձնեց դրա տնօրենի պաշտոնն ու իր հավաքած, իր հետ տարած ամբողջ այդ թղթածրարները հանձնեց Նուբարյան մատենադարանին։ Եվ այսօր ավելի քան 60 թղթածրարներ կան այնտեղ՝ Արամ Անտոնյանի անունը կրող ֆոնդում. ես ընտրել եմ այն բոլոր հուշագրությունները, այն բոլոր նյութերը, որոնք վերաբերում են այսօրվա Սիրիայի տարածքում ստեղծված համակենտրոնացման կայանների հետ առնչվող հուշագրություններին»,- եզրափակեց Մինասյանը՝ նշելով, որ ինքը տարիներ շարունակ զբաղվել է և զբաղվում է միայն Սիրիայի համակենտրոնացման կայաններով և հույս ունի հաջորդ տարի դրանք հրատարակել: 

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Սփյուռք

«Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը մեծապես կարևորվել է նաև հնդկահայ համայնքի կողմից

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

Հայաստան

Աղիքային վարակներից խուսափելու համար մասնագետները հորդորում են խստորեն ապահովել սննդի պահպանման կանոնները

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Տնտեսություն

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը զիջեց Ալբանիային

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

Պատահար

Հայտնաբերվել է Աղավնավանք գյուղի անտառում կորած քաղաքացու դին

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ը կազմակերպել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված վերապատրաստման դասընթաց

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Վարչապետ

Աննա Հակոբյանը մանկատան երկու սաների հետ մեկնում է ծով՝ իրականացնելու երեխաների երազանքը

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Մարզեր

Լոռու մարզպետն Ալավերդու  համայնքապետի ուղեկցությամբ այցելել է  Սանահին կայարան թաղամաս

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Իրավունք

Աննա Վարդապետյանն ու Մաուրիցիո Բլոկը քննարկել են ՀՀ և Իտալիայի դատախազությունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում