ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կինոյի վարպետներից մեկի՝ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ռեժիսոր Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանի առթիվ հունիսի 18-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Վալենտին Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակ» թեմային:
Մարման արարողությունն իրականացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի խորհրդական Գևորգ Մելիքսեթյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը և Վալենտին Պոդպոմոգովի այրին՝ Ասյա Պոդպոմոգովան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումը տեղի ունեցավ Վալենտին Պոդպոմոգովի արվեստանոցում:
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Վալենտին Պոդպոմոգովը (1924-1998թթ.) «Վերջին մղոնը» կտավի խորապատկերին, իսկ 380 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է «Իմ մեղքը» կտավը (1983թ.): Նամականիշների վրա նաև առկա է «ՎԱԼԵՆՏԻՆ ՊՈԴՊՈՄՈԳՈՎ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Նամականիշները տպագրվել են Ֆրանսիայի «Կարտոր» տպագրատանը՝ ընդհանուր 20 հազար օրինակով։ Դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:
Ասյա Պոդպոմոգովան նկարչի հետ ապրել է 1990 թվականից մինչև նրա կյանքի վերջը: Նա նկարչի արվեստանոց-տան պահապանն է: Արվեստանոցում պահպանվում են Պոդպոմոգովի՝ տարբեր տարիներին ստեղծած կտավներ, քանդակներ և այլ աշխատանքներ, ինչպես նաև նրա հետաքրքիր իրերը:
Արվեստանոց մտնելիս անհնար է ուշադրություն չդարձնել «Նոստալգիա» կտավին: «Պոդպոմոգովը հիսուն տարեկանում է սկսում գեղանկարչությամբ զբաղվել: «Նոստալգիա»-ն նրա առաջին գեղանկարն է, որ նկարել է 1974 թվականին: Երբ նրան հարցրել են, թե գեղանկարչության որ ուղղությանն է հարում, պատասխանել է՝ սիմվոլիստ է: «Նոստալգիա նկարում շիմպանզե է պատկերել, որի մի ձեռքում դափնու տերևներն են, մյուս ձեռքում երկրագնդի մոդելն է, մի հատվածում գրված են մարդու իրավունքները, բայց շիմպանզեն շղթայված է ու փակի տակ է: Այդ տարիներին նման թեմայով նկարելը խնդրահարույց էր: Երբ Պոդպոմոգովին հարցնում էին, թե ինչու իր դիմանկարը չի նկարում, նա պատասխանում էր, որ «Նոստալգիա»-ն իր դիմանկարն է»,-պատմեց Ասյա Պոդպոմոգովան:
Մեկ այլ ուշագրավ աշխատանք է «Մեա կուլպա» (իմ մեղքը) կտավը, որն արդիական է մինչ օրս: Նկարիչն այն նկարել է 1983 թվականին, երբ սառը պատերազմ էր, և Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգն ակնհայտ էր: «Այս կտավում նա շինությունների տեսքով ներկայացրել է այն ամենը, ինչ մարդը ստեղծել է քաղաքակրթության ընթացքում. այստեղ մայաների մշակույթն է, Եգիպտոսն է, եվրոպական մշակույթն է, ժամանակակից երկնաքերերն են: Պոդպոմոգովը կարծել է՝ եթե պատերազմ լինի, ապա այն կլինի ատոմային ռումբի կիրառմամբ, ինչի պարագայում մարդկությունը կվերանա և այն, ինչ ստեղծել է, կմնա առնետներին: Ինչո՞ւ «Մեա կուլպա», որովհետև եթե նման բան կատարվի, ապա ինքը դրանում իր մեղքի բաժինը կունենա, քանի որ չի արել այն, ինչ կարող էր, որ նման բան տեղի չունենա: Դա վերաբերում է յուրաքանչյուր մարդու»,-ընդգծեց նկարչի այրին և հավելեց՝ նկարում Պոդպոմոգովը Զվարթնոցը պատկերել է ամպի վրա՝ հույսով, որ արհավիրքն իր տանը չի հասնի ու հնարավոր կլինի փրկել երկրագունդը:
Տիկնոջ խոսքով՝ Վալենտին Պոդպոմոգովը միշտ աշխատում էր և կյանքի վերջին տարիներին ցանկացել է կրկին վերադառնալ մուլտիպլիկացիոն արվեստին, նույնիսկ սցենար է ունեցել: Նա անավարտ գործեր ևս ունի, սակայն վերջին աշխատանքը, որ ավարտել է, կոչվում է «Վերջին մղոնը»:
Ասյա Պոդպոմոգովան հույս ունի, որ մի օր արվեստանոցը կվերածվի թանգարանի:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը մեծ պատիվ է համարում նման միջոցառմանը մասնակցելը: «Տարին հոբելյանական է, և մենք մեծ վարպետին արժևորելու նպատակով տարբեր միջոցառումներ ենք իրականացրել: Ապրիլի 29-ին Կինոյի տանը նրան նվիրված հետաքրքիր երեկո անցկացվեց, իսկ ավելի վաղ Ազնավուրի հրապարակում «ՌեԱնիմանիա» փառատոնի շրջանակում բացվել էր նրա աստղը: Առավել հետաքրքիր միջոցառումներ ևս կլինեն»,-նշեց նա:
Պոդպոմոգովի ուրույն հեղինակային ձեռագիրը արտահայտվել է նաև խաղարկային ու մուլտիպլիկացիոն այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Կախարդական գորգ»-ը, «Մի կաթիլ մեղր»-ը, «Փարվանա»-ն, «Պույ-պույ մկնիկը», «Լուր դա լուր»-ը, որպես բեմադրող նկարիչ՝ «Առաջին սիրո երգը», «01-99»-ը և այլն:
Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանին նվիրված նամականիշը
Ասյա Պոդպոմոգովա, Արթուր Մարտիրոսյան, Գևորգ Մելիքսեթյան, Արայիկ Աբրահամյան, Հովիկ Մուսայելյան
Շուշան Ալեքսանյան, Ասյա Պոդպոմոգովա, Արթուր Մարտիրոսյան, Գևորգ Մելիքսեթյան, Արայիկ Աբրահամյան
Ասյա Պոդպոմոգովա, Արթուր Մարտիրոսյան
Ասյա Պոդպոմոգովա, Արթուր Մարտիրոսյան, Գևորգ Մելիքսեթյան, Արայիկ Աբրահամյան, Հովիկ Մուսայելյան
Արայիկ Աբրահամյան, Հովիկ Մուսայելյան
Ասյա Պոդպոմոգովա, Արթուր Մարտիրոսյան, Գևորգ Մելիքսեթյան, Արայիկ Աբրահամյան, Հովիկ Մուսայելյան
Ասյա Պոդպոմոգովա, Արթուր Մարտիրոսյան, Գևորգ Մելիքսեթյան, Արայիկ Աբրահամյան, Հովիկ Մուսայելյան
Արթուր Մարտիրոսյան, Գևորգ Մելիքսեթյան
Ասյա Պոդպոմոգովա, Արթուր Մարտիրոսյան, Գևորգ Մելիքսեթյան, Արայիկ Աբրահամյան, Հովիկ Մուսայելյան
Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանին նվիրված նամականիշը
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի