Եվրոպական հնագիտության օրերի շրջանակում բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրությունը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ անցկացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագրի շրջանակում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մի վիշապաքարի պատմություն» խորագրով ցուցադրություն։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարության հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը: Նրա գնահատմամբ՝ 2022 թ.-ից իրականացվող «Եվրոպական հնագիտության օրեր» ծրագիրը Հայաստանում հնագիտությամբ հետաքրքրվողների և սիրահարների համար հաջողված նախագիծ է:
«Մ․թ․ա III-I հազարամյակով թվագրվող վիշապքարը գտնվում է «Մեծամոր»-ի թանգարանի բակում: Այն հայտնաբերվել է Լճաշեն գյուղի տարածքում: Վիշապաքարի հայտնաբերման պատմությունը ներկայացրել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանը: Ըստ նրա՝ վիշապաքարը գտնվել է Լճաշեն գյուղից 2,5 կմ հարավ-արևմուտք՝ «Համալիր տարածք» կոչվող գոգավոր տեղանքից 1980 թ․ ջրատար խողովակներ տեղափոխելիս, և հետազոտվելուց հետո բերվել է «Մեծամոր» թանգարան:
Հայկական լեռնաշխարհին հատուկ են վիշապաքարերը, որոնց բարձրությունը հասնում է մինչև 5 մետրի. դրանք ունեն ձկան կամ ցլի տեսք, հանդիպում են նաև օձի, արագիլի տեսք ունեցողները։ Վիշապաքարերը գտնվել են հիմնականում լեռների բարձր գագաթներին, աղբյուրների, լճերի և ջրամբարների մոտ: Վիշապաքարերը մեծ հետաքրքրություն են առաջացնում, ոչ միայն Հայաստանում այլև միջազգային հնագիտության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հնադարյա հուշակոթողների ծիսապաշտամունքային նշանակությունը, վիշապաքար բառի ստուգաբանությունը և տեսակները ներկաներին ներկայացրել է հնագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը։
Ըստ աղբյուրի՝ Լճաշենի դամբարանի գտածոների, վիշապաքարերի նմուշներով ցուցադրությունը բաց կլինի մինչև սեպտեմբեր։
«Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը Հայաստանում անցկացվել է հունիսի 14-16-ը ՀՀ հնագիտական վայրերում, թանգարաններում, արգելոց-թանգարաններում և այլ տեղերում: