Եվրոպա

ԵՄ երկրների ղեկավարները կողմ կարտահայտվեն ֆոն դեր Լայենի լիազորությունների երկարաձգմանը. Financial Times

2 րոպեի ընթերցում

ԵՄ երկրների ղեկավարները կողմ կարտահայտվեն ֆոն դեր Լայենի լիազորությունների երկարաձգմանը. Financial Times

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ երկրների ղեկավարները հունիսի 17-ի երեկոյան Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հանդես կգան Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի լիազորությունները երկրորդ հնգամյա ժամկետով երկարացնելու օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Financial Times-ը՝ վկայակոչելով մի շարք դիվանագետների ու պաշտոնատար անձանց։

Նշվում է, որ Բրյուսելում երեկոյան կայանալիք մասնավոր ընթրիքի ընթացքում ԵՄ 27 երկրների ղեկավարներն իրեն քաղաքական աջակցությունը կհայտնեն ֆոն դեր Լայենի լիազորությունների երկարաձգմանը, և իսկ արդեն հունիսի 27-28-ին կայանալիք պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ նրա թեկնածությունը պաշտոնապես կհաստատվի։

Այնուհետև Ուրսուլա ֆոն դեր Լայենը պետք է ստանա նորընտիր Եվրախորհրդարանի պատգամավորների ձայների մեծամասնությունը, որպեսզի մնա իր պաշտոնում։

Թերթի աղբյուրների տվյալներով՝ հունիսի 17-ի երեկոյան Բրյուսելում ոչ պաշտոնական հանդիպմանը նաև կքննարկվեն Եվրամիության խորհրդի ղեկավարի և ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցչի թեկնածությունները։ Աղբյուրները որպես Եվրախորհրդի ղեկավարի պաշտոնի թեկնածու նշում են Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտային, որը կփոխարինի Շառլ Միշելին, իսկ եվրոպական դիվանագիտության ղեկավարի պաշտոնի համար` Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասին, որը կփոխարինի Ժոզեպ Բորելին։

65-ամյա Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրահանձնաժողովը ղեկավարում է 2019 թվականից։ Նա առաջին կինն է այս պաշտոնում։ Մինչ այդ նա զբաղեցրել է Գերմանիայի ընտանիքի գործերի նախարարի և պաշտպանության նախարարի պաշտոնները։ ԵՀ-ում ֆոն դեր Լայենի պաշտոնն ընտրովի է, նրա առաջին ժամկետն ավարտվում է այս տարի։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում