ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Բաղրամյան պողոտայում հրավիրված հավաքի ընթացքում ամփոփեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից մի քանի օրերի ընթացքում իրականացված գործողությունների արդյունքները և ներկայացրեց հետագա ծրագրերը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա շնորհակալություն հայտնեց օրվա բոլոր գործողությունների մասնակիցներին, ովքեր արդեն մի քանի օր գտնվել են և մասնակցել են մայրաքաղաքի տարբեր վայրերում անցկացվող ակցիաներին։
«Այս 4 օրերի կամ 96 ժամյա շրջանը մենք սպառել ենք, բայց առջևում ունենք հունիսի 17-ը, որ պատգամավորական խմբակցությունները նիստ են հրավիրել, որպեսզի սկսեն այդ անվստահության գործընթացը»,- ներկայացնելով մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների մասին իր մոտեցումները` նշեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա հայտարարեց, որ Բաղրամյան պողոտայում տեղակայված ավանը պետք է դուրս գա, քանի որ շարժման կողմից նախանշված 96 ժամյա գործընթացն ավարտված է։
«Հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստը տեղի է ունենալու 18։30-ին։ Վաղվանից այստեղի մեր ավանը չի լինելու․ կամ այսօր գիշերվանից կամ էլ վաղն առավոտից, ինչպես հարմար է։ Այս ավանը պետք է դուրս գա»,- հայտարարեց արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նա նաև հայտնեց ներկաներին, որ գալիք մի քանի օրերի ընթացքում շարժումը պատրաստվում է տարբեր հանդիպումներ ունենալ քաղաքական ուժերի հետ։
«Ես ցանկանում եմ մեր այս ամբողջ շարժումը վերադասավորել, վերաձևակերպել և առաջիկա ժամանակաշրջանը դարձնել ավելի մեծ, ավելի ընդգրկուն, ավելի անգույն, ավելի չակնկալիքների մասին, և այս շարժումը հասցնել իր հաղթական ավարտին»,- ասաց արքեպիսկոպոսը՝ նշելով, որ անկախ այն հանգամանքից, թե քանի հոգի կլինեն հանրահավաքների ժամանակ, ինքը միայնակ կշարունակի պայքարը։
Նա ներկաներին տեղեկացրեց, որ շարժման հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունիսի 17-ին՝ Ազգային ժողովում տեղի ունենալիք նիստի օրը։