Նվիրաբերած արյունը կյանք է փրկում․ մասնագետը հորդորում է ակտիվ մասնակցել արյունատվության ակցիային

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արյան դոնորի համաշխարհային օրը՝ հունիսի 14-ին, Երևանում անցկացվելու է բացօթյա արյունատվության ակցիա։ Այն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Հայկական կարմիր խաչի ընկերության նախաձեռնությամբ։ Բժշկական շարժական կենտրոններն առավոտյան ժամը 9։30-ից մինչև 15։00-ն գործելու են «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ գտնվող Խաչքարերի պուրակում, ինչպես նաև Մաշտոցի պողոտա 15/5 հասցեում գտնվող Դիանա Աբգարի անվան զբոսայգում, որը քաղաքացիների շրջանում հայտնի է որպես  Seasons այգի։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ Արմեն Պետրոսյանը նշեց, որ նախաձեռնությունը առիթ է մարդկանց ուշադրությունը հրավիրելու արյան դոնոր դառնալու հարցերի վրա։ 

«Արտակարգ դեպքերով, պատերազմով պայմանավորված քաղաքացիների շրջանում արյան դոնոր դառնալու ակտիվություն է նկատվում, դիմում են ինքնաբուխ նախաձեռնություններով, իսկ հանգիստ օրերին, բնականաբար, այդպիսի ակտիվություն չկա։ Այսպիսի նախաձեռնություններով ուզում ենք իրազեկել մարդկանց, որ արյան դոնոր դառնալը շատ կարևոր է, դրանով փրկվում են կյանքեր։ Եվ ամենակարևոր արյան դոնոր լինելն անվտանգ է»,-ասաց Արմեն Պետրոսյանը։

Շարժական կենտրոնում աշխատող մասնագետներն իրենց խորհրդատվությամբ կլինեն արյուն հանձնել ցանկացող քաղաքացիների կողքին։ Արմեն Պետրոսյանը նշեց, որ արդեն կան պայմանավորվածություններ տարբեր խմբերի հետ, որոնք հունիսի 14-ին արյուն հանձնելու պատրաստակամություն են հայտնել։ Արյան դոնոր դառնալու նվազագույն պահանջներն են՝ անձը լինի չափահաս, կանանց պարագայում քաշը նվազագույնը 52 կգ, տղամարդկանց պարագայում՝ 62 կգ,  հեմոգլոբինի նվազագույն մակարդակը կանանց պարագայում 120, տղամարդկանց պարագայում՝ 135։ Նախորդ օրը պետք է ալկոհոլ ու ճարպոտ սնունդ օգտագործած չլինեն։ Արյուն հանձնելուց առաջ խորհուրդ է տրվում թեթև նախաճաշել։

«Տարբեր միֆեր կան արյան դոնորության վերաբերյալ, որոնց կուզենայի անդրադառնալ։ Շատ են նշում դեղնախտ կոչվածը, խոսքը հեպատիտ Ա-ի մասին է։ Ասեմ, որ դա հակացուցում չէ, հանգիստ կարող են արյուն հանձնել։ Դրա փոխարեն հակացուցում է հեպատիտ Ց-ի և հեպատիտ Բ-ի առկայությունը»,-ասաց Արմեն Պետրոսյանն՝ ընդգծելով, որ բոլորից վերցրած արյունը պարտադիր հավելյալ ստուգվում է, քանի որ շատերը իրենք էլ չեն հիշում, թե ինչ հիվանդություն են ունեցել։

Տարածվող միֆերից է նաև այն, որ մեկ անգամ արյուն հանձնելուց հետո կախվածություն է առաջանում։ Մասնագետը նշեց, որ դոնորական արյունատվությունն օրգանիզմի համար առողջարար է՝ սիրտանոթային հիվանդությունների ռիսկն է նվազում, նյութափոխանակությունն ու արյան շրջանառությունն է լավանում և այլն։

«Պետք է հասկանանք, որ մեր նվիրաբերած արյունը կյանք է փրկում։ Եկեք անտարբեր  չլինենք»,-հավելեց մասնագետը։

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը