ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում մեկնարկել է ոչ ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունների երկրորդ փուլը՝ Բելառուսի մասնակցությամբ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից։
«Զորավարժությունների ընթացքում կմշակվեն Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ պատրաստության հարցերը ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համար», - հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Ըստ գերատեսչության՝ զորախաղերի նպատակն է պահպանել ստորաբաժանումների պատրաստվածությունը երկու երկրների ոչ ռազմավարական միջուկային զենքի մարտական կիրառման համար՝ ապահովելու Միութենական պետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Զորավարժությունների առաջին փուլն սկսվել է մայիսի 21-ին։ Դրանք անցկացվում են Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։ Նախագահը զորավարժություններն անվանել է «պլանային աշխատանք»։
Ռուսաստանի արտգործնախարարությունում նշել են, որ զորախաղերը հարկավոր է դիտարկել արևմտյան քաղաքական գործիչների ռազմատենչ հայտարարությունների և ՆԱՏՕ-ի ապակայունացնող գործողությունների համատեքստում։