Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։

«Այս առիթն օգտագործելով ցանկանում եմ, նախ շնորհավորել Ձեզ և բարեկամ վրացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները կնպաստեն երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանն ու նոր հորիզոնների նվաճմանը: Մեր հարաբերություններն օրինակելի են նաև այն առումով, որ ի ցույց են դնում այն, թե ինչպես պետք է հարևան երկրները միմյանց հետ փոխհարաբերվեն: Հենց այսօր էլ ականատեսն ենք, թե ինչպես են վրացի բարեկամներն ու գործընկերները մեզ հետ ձեռք ձեռքի տված վերականգնում Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած աղետի հետևանքով վնասված երկաթուղին: Մեր հարաբերությունները նաև այսպիսի փոքր դրվագներով են ձևավորվել և շարունակում են նույն կերպ զարգանալ:

Բարեկամական կապերը տարեցտարի ավելի են ամրապնդվում, և ես ուրախ եմ, որ այս տարվա հունվարից մեր երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիրը, ինչը նշանակում է, որ արդեն պետական մակարդակով հարաբերությունների նոր մակարդակի ենք հասել և այդ տրամաբանության մեջ էլ շարունակվելու է մեր համատեղ գործակցությունը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Հայաստանում Վրաստանի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար:«Ինչպես նշեցիք, մեր հարաբերություններն, իհարկե, դարերի պատմություն ունեն: Շատ ուրախ եմ, որ մեր այս եղբայրությունը ռազմավարական գործընկերության մակարդակ ձեռք բերեց, երբ հունվարին Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիրը:

Ցանկանում եմ նաև իմ կառավարության անունից առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հունիսի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանի Աբխազիա և Ցխինվալի շրջան/Հարավային Օսիայից բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքի մասին բանաձևին կողմ քվեարկելու համար: Սա մեզ համար շատ կարևոր է»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարևան երկրների միջև գործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի հոբելյաններին նվիրված միջոցառումների կարևորությանը:

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության և տուրիստական փոխայցելությունների շարունակական աճ: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական ամենաբարձր մակարդակի պարբերական փոխայցելությունները:

Մտքեր են փոխանակվել հարավկովկասյան հանրապետությունների միջև սահմանազատման բնականոն գործընթացի կարևորության վերաբերյալ: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի խթանման անհրաժեշտությունը՝ հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության հիմնարարիրավունքների և սկզբունքների վրա:

Հայերեն English ქართული Русский Türkçe

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան