1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հունիսի 6-ին երևանյան հանդիսատեսի դատին հանձնեց Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը» ներկայացումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աբելյանցիները ներկայացումը խաղացին Պատանի հանդիսատեսի թատրոնում և այն նվիրեցին Վիլյամ Սարոյանի 115-ամյակին:
Բեմադրությունը` Արեն Օսիպյանի: Ներկայացումն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ: «Ոստրեն ու Մարգարիտը» պիեսի հիմքում ընտանիքի պահպանման խորհուրդն է: Այն համարվում է «հույսի գրականության» լավագույն խորհրդանշական գործերից մեկը:
«Ներկայացումը ջերմ ընդունելության արժանացավ. անդադար ծափերն էին հանդիսատեսի արձագանքը։ Աշնանը նորից ենք հյուրախաղով գալու Երևան և կրկին ցուցադրելու ենք այս բեմադրությունը»,-նշում է թատրոնի PR պատասխանատու Գոռ Փելեշյանն ու հավելում՝ թատրոնում նոր ներկայացման փորձեր են ընթանում: Հուլիսին թատերասերներին կներկայացնեն հետաքրքիր կատակերգություն, որի ռեժիսորը Ժիրայր Գաբրիելյանն է։