Տարածաշրջանային

Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով

2 րոպեի ընթերցում

Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի և Ռուսաստանի սահմանին գտնվող «Դարիալի» անցակետի աշխատակիցները տարհանվել են Դևդորակի սառցադաշտի հովտում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից։

Նշվում է, որ Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 08:36-ին սարքերն արձանագրել են ջրի մակարդակի փոփոխություն Դևդորակի սառցադաշտի հովտում, որը գտնվում է Կազբեկի լանջին: Սառցադաշտից է սկիզբ առնում Ամալի գետը, որը միանում է Թերեքին․ այն հոսում է վրացական կողմից «Դարիալի» հսկիչ անցակետի, իսկ ռուսական կողմից՝ «Վերին Լարսի» մոտով։

«Դարիալի» անցակետի, ինչպես նաև պարեկային և սահմանապահ ոստիկանության, մաքսային ծառայության և մասնավոր ընկերությունների աշխատակիցները տարհանվել են անվտանգ վայր։

Դեպքի վայր է մեկնել Վրաստանի սահմանապահ ոստիկանության ուղղաթիռը՝ Շրջակա միջավայրի պահպանության ազգային գործակալության աշխատակիցների, ինչպես նաև երկրաբանների հետ։ Հաղորդվում է, որ երկու ուղղություններով փակվել է ավտոմոբիլների երթևեկությունը Գվելեթի գյուղի մոտ, որը գտնվում է անցակետից 3 կմ հարավ:

Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունը հայտնել էր, որ Վրաստանի տարածքում ձնահյուսի պատճառով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում