ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում մինչև 2029 թվականը երեք մարզադաշտ պետք է կառուցվի, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և կծառայեն 2029 թվականի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելուն, եթե ՖԻՖԱ-ն հաստատի Հայաստանի ու Վրաստանի միասնական հայտը՝ առաջնությունը հյուրընկալելու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության հունիսի 6-ի նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ`ֆուտբոլի աշխարհի2029թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար:
«Այդ հարցի վերաբերյալ մենք ֆեդերացիաների առաջարկով պայմանավորվածություն ձեռք բերեցինք նախորդ տարի Բաթումիում։ Ուրախ եմ, որ գործընթացը բնականոն ընթացքի մեջ է։ Հիմա մենք մինչև 2029 թվականը հանրապետությունում երեք մարզադաշտ պետք է կառուցենք, որոնք համապատասխանում են աշխարհի առաջնություն անցկացնելու չափանիշներին։ Նրանցից մեկը պետք է լինի մինչև 35 հազար հանդիսատես ունեցող մարզադաշտ, մյուս երկուսը՝ ամենաքիչը 10 հազար հանդիսատես ունեցող մարզադաշտ»,- նշեց վարչապետը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին տեղեկացրեց, որ քննարկվել է Վանաձորում և Իջևանում նման մարզադաշտեր ունենալու հնարավորությունը։
«Ընդ որում, Վանաձորում խոսքը եղած ստադիոնի վերակառուցման մասին է, որի նախագծման նախնական աշխատանքներն արդեն սկսված են։
Իջևանում էլ դիտարկվում է նախկինում գործած մարզադաշտի տարածքը։
Իսկ խոշոր ստադիոնը Ակադեմիական քաղաքի շրջանակներում ենք դիտարկում, որը 2029 թվականին պետք է պատրաստ լինի»,- եզրափակեց Անդրեասյանը։