Հասարակական

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության EUROSATORY ցուցահանդեսին

2 րոպեի ընթերցում

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության EUROSATORY ցուցահանդեսին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանն առաջին անգամ կներկայացվի ցամաքային և ցամաքաօդային պաշտպանության և անվտանգության EUROSATORY ցուցահանդեսին, որը կանցկացվի 2024 թվականի հունիսի 17-ից 21-ը, Փարիզում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատից, ցուցահանդեսը կհյուրընկալի ավելի քան 1800 մասնակցի 90 երկրից, ինչպես նաև մոտ 98000 այցելուի և մասնագետի:

«Հայաստան» տաղավարը կհյուրընկալի Ֆրանսիա- Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի անդամ և հայկական ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների պատվիրակությունը։ Սա հնարավորություն կընձեռի հայկական այս ընկերություններին առաջին անգամ ներկայացնելու իրենց տեխնոլոգիաներն ու լուծումները Եվրոպայի միջազգային ցուցահանդեսում՝ պայմանագրեր կնքելու նպատակով։

Ցուցահանդեսի ընթացքում հունիսի 18-ին GICAT տաղավարում (Ֆրանսիայի պաշտպանության և անվտանգության արդյունաբերության կազմակերպություն) տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված Հայաստանի կարիքներին պաշտպանության ոլորտում և Ֆրանսիայի հետ ընթացիկ համագործակցությանը:

Համաժողովին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, GICAT-ն ու իր անդամները, ինչպես նաև Ֆրանսիա - Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի անդամներ։

EUROSATORY պաշտպանության և անվտանգության միջազգային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարը կղեկավարի Ֆրանսիա - Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը` Տիգրան Առաքելյանի նախագահությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում