«Նոր գիրք»-22/24. Պետրոսյան, Էռնո, Թրեվերս, Նադիրյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն

Վարդգես Պետրոսյան, «Ծանր է Հիպոկրատի գլխարկը»

Դրաման ցույց է տալիս, թե որքան արատավոր ու ողբերգական կարող է լինել մարդկային անտարբերությունը, որի հետևանքով ծայրահեղ քայլի է դիմում բժշկականի ուսանողուհին, թերևս լավագույնը, որը պատրաստվում էր բժիշկ դառնալ։ Անտարբերությունը մեծ արատ է հատկապես բժշկի մասնագիտության համար, և հեղինակը բացահայտում է, թե ինչպես է այդ արատը պատուհասել ողջ հասարակությանը, որի հետևանքով անգամ բարձրակարգ կոչումներով բժիշկ-պրոֆեսորները հաճախ անտարբեր են լինում մարդկային ճակատագրերին։

Գիրքը լույս է ընծայել «Դարակ»-ը։

Թարգմանական գրականություն

Աննի Էռնո, «Ամոթը»

Գրվածքին վստահելով մանկության տարիների «անասելի տեսարանը», որ վեր Է բառերից և ձևակերպումներից՝ հեղինակն ընթերցողին Է պարզում ամոթի ծննդաբանությունը տասներկուամյա աղջկա հայացքով: Չլքելով ինքնապատումի ծիրը, որ մեզ հաղորդակից Է դարձնում գրվածքի ներկային՝ վիպակը նաև հիսունականների Ֆրանսիայի հասարակական համապատկերն Է ներկայացնում:

Անողոք հետևողականությամբ քողազերծելով հասարակական մեխանիզմները, որոնց շնորհիվ կրոնը, մշակույթը, կրթությունը վերածվում են դասակարգային գերազանցության գործիքի՝ «Ամոթը» խորհրդածություն է երկու աշխարհների գոյության և անհնարին երկխոսության շուրջ:

Թարգմանությունը ֆրանսերենից՝ Շուշանիկ Թամրազյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն

Փամելա Լինդոն Թրեվերս, «Մերի Փոփինս»

Վիպակը պատմում է աշխարհի ամենահայտնի դայակի` Մերի Փոփինսի և նրա հոգածության տակ գտնվող չորս երեխաների մասին: Մերի Փոփինսը խստաբարո է, խելացի, կոկիկ ու պչրասեր, բայց ամենակարևորն այն է, որ նրա հայտնվելու առաջին իսկ օրվանից դայակը զարմացնում է երեխաներին իր արտասովոր կարողություններով: Նրա հետ ապրած բոլոր օրերը լի են արտառոց արկածներով ու կախարդանքով:

Թարգմանիչ՝ Ալվարդ Ջիվանյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Փաստավավերագրական գրականություն

Աստղիկ Նադիրյան, «Նանի՛կ արա, իմ բալի՛կ. ինչպես քնեցնել երեխային»

Ձեզ ծանոթ շատ մարդկանցից կլսեք ամենատարբեր խորհուրդներ երեխայի խնամքի ու առօրյայի մասին։ Բոլորը խորհուրդ կտան՝ ինչպես կերակրել, հագցնել, խնամել փոքրիկին: Հաճախ կլսեք. «Կհոգնի՝ կքնի», «Դիմացի՛ր, դե բոլորս էլ չենք քնել», «Քնելուց առաջ շիլա տո՛ւր, որ քնի»: Որոշակի ճշմարտություն այդ խոսքերում, իհարկե, կարող է լինել, բայց դրանք ոչ միշտ են հաշվի առնում երեխայի և ձեր առանձնահատկությունները։ Քնի հավաստագրված խորհրդատու Աստղիկ Նադիրյանն իր գրքում պատմում է, թե որն է քնի «նորմալը», ինչը կարելի է փոխել, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել՝ հաշվի առնելով ծնողավարման այն ձևը, որն ընտրել եք դուք։ Չէ՞ որ ամեն ընտանիք յուրահատուկ է։ Յուրահատուկ եք նաև դուք, յուրահատուկ է ձեր երեխան։

Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը