Քաղաքականություն

2018 թվականից մենք շարունակել ենք կղերաֆեոդալական ավանդույթները և դա հիմա հաղթահարում ենք․ վարչապետ

4 րոպեի ընթերցում

2018 թվականից մենք շարունակել ենք կղերաֆեոդալական ավանդույթները և դա հիմա հաղթահարում ենք․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչու անկախության ձեռքբերումից հետո Հայաստանի ամենատեսանելի միտումը եղել, շարունակել և շարունակում է մնալ արտագաղթը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը վարչապետը նշեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետություն են ստեղծել, սակայն այլ երկրներում տեղ են գտնում հարմարավետ ապրելու։

«Բա Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետություն է ստեղծել, որ իր համար ապրելու համար տեղ գտնի՞։ Այսինքն՝ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն իր համար այդքան էլ ապրելու տեղ չի՞։ Բա ինչի՞ համար է աշխատում, ինչի՞ համար է հարկ վճարում այս պետությանը։ Եվ ինչո՞ւ է այսպես։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը կառավարվել է և Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ձևավորվել է էլիտաների կողմից կամ իրենց էլիտար համարող շրջանակների կողմից, որոնց գաղափարախոսությունն առանցքայնորեն եղել է կղերաֆեոդալական և այդ գաղափարաբանությունը, ըստ էության, վերջին դարերի ընթացքում էական զարգացում չի ունեցել։ Այդ գաղափարաբանությունը կրթական համակարգի միջոցով ներարկվել է մարդկանց, մեզ բոլորիս, և արդյունքում մենք ստացել ենք այս ճեղքը։ Պատկերացրեք՝ մարդը անկախ պետություն է ստեղծում և իր հարմար ապրելու տեղ է փնտրում։

Սա նույնն է, որ մենք հիփոթեքային վարկ ենք վերցնում, տուն ենք ձեռք բերում և գնում ենք վարձով ապրելու։ Սա է կարճ ձևակերպումը մեր իրականության»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը օրինակով փորձեց բացատրել, թե ինչո՞ւ են մարդիկ ցանկանում ապրել այլ երկրներում, ի՞նչն է պատճառը։

«Մարդը պատշգամբում կարճ տաբատով առավոտյան նստած սուրճ է խմում, կողքի քաղաքացին ասում է՝ այս ի՞նչ ես անում, չի կարելի, դու վիրավորում ես մեր պատկերացումները, չէ՞ որ դու այստեղ սուրճ խմելու համար չես, այլ վեհ գաղափարներ կան, գետինը մտնես, այդ վեհ գաղափարի պայմաններում տաբատը հագել նստել, կոֆե ես խմո՞ւմ, փոխանակ պատշգամբից քեզ գցես, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրես շատ կարևոր և կոնկրետ խնդրի վրա։

Քաղաքացին գունավոր շոր է հագնում, ասում են՝ գետինը չես մտնո՞ւմ, ոնց կարելի է գունավոր շոր հագնել, բա ողբ ու ողբերգությունը թողած, բա ով է ողբալու, որ դու գունավոր շոր ես հագել, տականք, դավաճան։ Ծնունդ է անում, ասում են՝ ոնց, հոգեհանգիստը թողած ծնո՞ւնդ ես անում։ Մեկ, երկու, երեք և չորս, մարդը ասում է՝ լավ, այս տունն էլ ձեզ, սուրճի բաժակն էլ ձեզ նվեր, կարող եք ոչինչ չվճարել, ես գնամ մի տեղ գտնեմ ապրելու, որտեղ կարող եմ պատշգամբում սուրճ խմել և ոչ մեկ ինձ ամոթանք չի տա դրա համար։

Ես ուզում եմ գնահատեմ, թե որպես կառավարական մեծամասնություն մեզ հետ ինչ է տեղի ունեցել վերջին տարիներին։ Երբ մենք 2018 թվականին ստանձնել ենք Հայաստանի Հանրապետության կառավարումը (և սա մեր ամենամեծ խնդիրն է) մենք շարունակել ենք կղերաֆեոդալական ավանդույթները։ Եվ այսօր մեզ հետ դա է տեղի ունենում, և մենք ինքներս մեր մեջ հաղթահարում ենք կղերաֆեոդալական մտածողությունը։ Իսկ կղերաֆեոդալական համակարգը բունտ է անում և ասում՝ դուք ի՞նչ իրավունք ունեք մտածել, մենք են ստեղծել մտածողության կաղապարները դարեր ի վեր, և դուք պարտավոր եք մտածել այդ կաղապարի շրջանակում։ Եթե դուք այդ կաղապարի շրջանակից դուրս մտածում եք, ուրեմն դուք դավաճան եք և այլն, և այսպես շարունակ»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում