Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը գովելի է և ունի տարածաշրջանային կայունության վճռորոշ ներուժ․ Ջոն Ինյարիտու

10 րոպեի ընթերցում

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը գովելի է և ունի տարածաշրջանային կայունության վճռորոշ ներուժ․ Ջոն Ինյարիտու

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը գովելի նախաձեռնություն է․ այն կարող է ընդունելի և կառուցողական այլընտրանք ծառայել ավելի վիճելի առաջարկներին, ինչպիսին է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», քանի որ ունի տարածաշրջանային կայունության, տնտեսական զարգացման և մշակութային փոխանակումների ամրապնդման ներուժ, որոնք վճռորոշ են Հարավային Կովկասի երկարաժամկետ խաղաղության և բարգավաճման համար:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն՝ խոսելով Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների հնարավոր ապաշրջափակման, դրա վերաբերյալ հայկական կողմից հնչող առաջարկների, Հայաստանի և Ադրբեջանի միջև սկիզբ առած սահմանազատման գործընթացի, ինչպես նաև Հայաստանի ու Եվրոպական Միության միջև վերջին շրջանում ակտիվացած հարաբերությունների մասին։

-Վերջին տարիներին շատ է խոսվում Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ միաժամանակ սպառնալով ստանալ այն ուժով։ Ինչպե՞ս կգնահատեք Ադրբեջանի նման ագրեսիվ և չպատճառաբանված պահվածքը։

Պատմականորեն տարածաշրջանում միակ ճանաչված միջանցքը եղել է Լաչինի միջանցքը, որը ստեղծվել է Հայաստանը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հետ կապելու համար։ Լաչինի միջանցքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերին ստորագրված համաձայնագրերի մի մասն էր, որի նպատակն էր ապահովել անվտանգ անցում և կանխել Արցախում հայ բնակչության մեկուսացումը։ Սակայն դրանից հետո Ադրբեջանի գործողությունները ցույց են տվել այդ պայմանավորվածությունների բացահայտ անտեսումը:

Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հանգեցրել է զգալի հումանիտար ճգնաժամերի, ներառյալ կանանց, ծերերի և երեխաների սովամահությունը, Արցախից հայերի բռնի արտագաղթը, էթնիկ զտումների և պատերազմական հանցագործությունների ձև է։ Սա բացահայտում է ադրբեջանական վարչակարգի սառնասիրտ մոտեցումը, որն է ուժի և տառապանքի միջոցով իր կամքը պարտադրելը, ոչ թե բանակցությունների և դիվանագիտության միջոցով խնդիրները կարգավորելը։

Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» տերմինի հորինումն ու պարտադրումը արհեստական ​​ է, որի նպատակն է պատրվակ ստեղծել հետագա տարածքային հավակնությունների և էքսպանսիոնիստական ​​նկրտումների համար։ Այս մարտավարությունը խաթարում է տարածաշրջանային կայունությունը և խաղաղության ջանքերը, և միջազգային հանրության համար կարևոր է ճանաչել և դատապարտել նման պահվածքը:

-Ի պատասխան ադրբեջանական կողմի այս պնդումների՝ անցյալ տարի Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ի՞նչ կարծիք ունեք այս նախաձեռնության վերաբերյալ։

Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը գովելի նախաձեռնություն է, որն ուղղված է կովկասյան տարածաշրջանի երկրների միջև կապի և համագործակցության խթանմանը։ Այս նախագիծն ունի տարածաշրջանային կայունության, տնտեսական զարգացման և մշակութային փոխանակումների ամրապնդման ներուժ, որոնք վճռորոշ են Հարավային Կովկասի երկարաժամկետ խաղաղության և բարգավաճման համար:

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է ընդունելի և կառուցողական այլընտրանք ծառայել ավելի վիճելի առաջարկներին, ինչպիսին է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Կարևորելով համագործակցությունն ու փոխկապակցվածությունն առանց հարկադիր տարածքային պահանջների՝ նախագիծը համահունչ է միջազգային նորմերին և նպաստում է տարածաշրջանային զարգացման ավելի ընդգրկուն մոտեցմանը:

Այնուամենայնիվ, նման նախաձեռնության հաջողությունը կախված է մասնակից պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքից: Ցավոք սրտի, Հայաստանն այս առումով բախվում է զգալի մարտահրավերների, մասնավորապես, իր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, որոնց ծավալապաշտական նպատակներն ու ագրեսիվ քաղաքականությունը խաթարում են խաղաղ համագործակցության ոգին։

Վրաստանը մնում է բացառություն՝ ընդհանուր առմամբ պահպանելով ավելի չեզոք և համագործակցային դիրքորոշում տարածաշրջանային հարցերում։

Որպեսզի այն հաջողվի, բոլոր մասնակից երկրները պետք է հավատարիմ մնան հարգանքի, ինքնիշխանության և չհարձակման սկզբունքներին: Առանց այս հիմնարար պարտավորությունների, խաղաղ և փոխկապակցված Կովկասի տեսլականը կարող է անհասանելի մնալ:

-Վերջերս Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ։ Ինչպե՞ս կգնահատեք այս համաձայնությունը և, ըստ Ձեզ` կարո՞ղ է այն խաղաղություն բերել երկու երկրներին և հարավկովկասյան տարածաշրջանին։

Թեև բանակցությունները կարևոր են հակամարտությունների խաղաղ լուծման հասնելու համար, սակայն պետք է ընդունել բարդությունները և հիմքում ընկած խնդիրները՝ հասկանալու համար այս համաձայնության հնարավոր արդյունքները:

Սահմանների սահմանազատման գործընթացը նպատակ ունի հստակեցնել և հաստատել փոխադարձ ճանաչված սահմանները, ինչը հարևան պետությունների միջև խաղաղ հարաբերությունների հիմնարար ասպեկտն է։ Այնուամենայնիվ, այս գործընթացի հաջողությունը մեծապես կախված է արդար և թափանցիկ բանակցություններին երկու կողմերի իրական հանձնառությունից: Այս համատեքստում Հայաստանի իշխանությունները բանակցում են Ադրբեջանի բռնատիրական ռեժիմի հետ, որը գլխավորում է էքսպանսիոնիստական ​​նկրտումների պատմություն ունեցող ալիևյան կլանը:

«Արևմտյան Ադրբեջանի» մասին քարոզչության մեջ Ադրբեջանի իշխանությունների զգալի ներդրումը, ինչպես նախկինում նրանք անում էին «խավիարային դիվանագիտության» սխեմայի դեպքում, մտահոգություն է առաջացնում նրա մտադրությունների անկեղծության վերաբերյալ: Նման գործողությունները կարող են խաթարել խաղաղության գործընթացը՝ ստեղծելով և հավերժացնելով կեղծ պատմություններ, որոնք ավելի շուտ բորբոքում են լարվածությունը, քան լուծում դրանք:

Անարդար խաղաղությունը, որը պարտադրված է կամ չի կարողանում լուծել երկու կողմերի հիմնական խնդիրները և դժգոհությունները, դժվար թե տևական կայունություն բերի: Փոխարենը, այն կարող է հանդես գալ որպես «ժամային ռումբ»: Որպեսզի խաղաղությունը կայուն լինի, համաձայնագիրը պետք է լինի արդար, հավասարակշռված և հարգված՝ դրանում բոլոր ներգրավվածների կողմից:

Բացի այդ, Ադրբեջանի կողմից Արցախի կառավարության ներկայացուցիչների, արցախցի քաղաքացիական անձանց և նույնիսկ երրորդ երկրներից, օրինակ՝ Լիբանանից եկած անհատների շարունակական կալանավորումը, որը հիմնված է բացառապես այդ մարդկանց հայկական ծագման վրա, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Այս ապօրինի գերությունն ընդգծում է ադրբեջանական ռեժիմի համակարգված և խտրական քաղաքականությունը հայերի նկատմամբ: Նման գործողություններն ավելի են ընդգծում ռեժիմի կողմից մարդու հիմնական իրավունքների անտեսումը և նրա մտադրությունը՝ ահաբեկելու և ճնշելու հայ բնակչությանն ամբողջ աշխարհում:

-Որքանո՞վ է կարևոր Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացումը տարածաշրջանի անվտանգության և բարգավաճման համար։ Ինչպե՞ս կգնահատեք ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը։

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունների խորացումը վճռորոշ է տարածաշրջանի և հատկապես Հայաստանի անվտանգության ու բարգավաճման համար։ Կապերի այս ամրապնդումը կարող է դիտվել որպես կայունության և տնտեսական աճի խթանման ռազմավարական քայլ՝ միաժամանակ ամրապնդելով Հայաստանի ինստիտուտները և ավելի սերտացնելով այն եվրոպական չափանիշներին և արժեքներին:

Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի, ԵՄ-ի և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձր մակարդակի հանդիպումը կարևոր էր ընդհանուր օրակարգն առաջ տանելու համար։ Միջազգային խոշոր դերակատարների ներգրավվածությունը, ինչպիսիք են ԵՄ-ն և ԱՄՆ-ը, հակակշիռ է ապահովում տարածաշրջանային լարվածությանը, մասնավորապես, նվազեցնում է Ադրբեջանի հետ հակամարտության հավանականությունը։ Ավելի շատ միջազգային շահագրգիռ կողմերի երկխոսության մեջ ներգրավելով՝ ավելի մեծ հավաքական ջանքեր են գործադրվում կայունության ապահովման և ադրբեջանական ագրեսիան զսպելու համար:

Հայաստանը՝ որպես եվրոպական քաղաքակրթության հետ մշակութային և պատմական կապեր ունեցող ժողովրդավարական երկիր, զգալիորեն կշահի ԵՄ-ի հետ ներգրավվածության ավելացումից: Այս ներգրավվածությունը ոչ միայն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական նկրտումներին, այլ նաև ընդլայնում է նրա տնտեսական հեռանկարները՝ առևտրի, ներդրումների և Եվրոպայից եկող աջակցության միջոցով: Ըստ էության, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների սերտացումը դրական քայլ է Հայաստանի և ավելի լայն տարածաշրջանի ապահովության և բարգավաճման ուղղությամբ։

Հարցազրույցը՝ Դավիթ Մամյանի

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է Հայաստան

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Քաղաքականություն

ՀՀ–ն Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործընթացները չի կապում միմյանց․ Արմեն Գրիգորյան

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

Քաղաքականություն

Ադամ Շիֆը և 47 կոնգրեսական կոչ են անում ԱՄՆ-ին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունն Ադրբեջանի վայրագություններից

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

ՌԴ-ն մինչև այսօր էլ զենք-զինամթերքն ամբողջությամբ չի մատակարարել․ ՀՀ ԱԽ քարտուղար

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Հայաստանն ինտենսիվ աշխատանք է տանում գերիների վերադարձի ուղղությամբ․ ԱԽ քարտուղար

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Քաղաքականություն

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Քաղաքականություն

Ադրբեջանը դեռ չի արձագանքել հետաքննության երկկողմ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկին․ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Քաղաքականություն

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ալեն Բարսեին՝ ԵԽ ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

Քաղաքականություն

Մեզ համար Հայաստանի դիրքը շատ կարևոր է, այն Եվրոպայի և Արևելքի միջև է. Հնդկաստանի ԱԳ նախարար

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

Քաղաքականություն

ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մոզամբիկին Անկախության օրվա առթիվ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում