Տարածաշրջանային

Վրաստանում արձագանքել են Բլինքենի հայտարարությանը՝ վիզային սահմանափակումների և երկկողմ համագործակցության վերանայման մասին

3 րոպեի ընթերցում

Վրաստանում արձագանքել են Բլինքենի հայտարարությանը՝ վիզային սահմանափակումների և երկկողմ համագործակցության վերանայման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի «Ժողովրդի ուժը» կուսակցության պատգամավոր Դմիտրի Խունդաձեն հայտարարել է, որ եթե ​​Վրաստանը պետք է ընտրություն կատարի հայրենիքի ինքնիշխանության ամրապնդման և ամերիկյան այցագրերի ու ավիատոմսերի միջև, ապա երկրի իշխանություններն ընտրությունը կկատարեն հօգուտ հայրենիքի։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

«Պատգամավորները և նրանց ընտանիքների անդամները պետք է պատժվեն իրենց հայրենիքը սիրելու և Վրաստանի ինքնիշխանությունն ամրապնդելու համար: Ես չեմ սպասում, որ նման խիստ որոշում կկայացվի, բայց եթե, այնուամենայնիվ, ընտրությունը լինի հայրենիքի ինքնիշխանության ամրապնդման և ավիատոմսերի ու այցագրերի միջև, ապա, վստահաբար, ընտրությունը կարվի հօգուտ հայրենիքի», - հայտարարել է Խունդաձեն։

Խունդաձեի կարծիքով, երբ արևմտյան օրենսդրությունը շատ պահանջված է Արևմուտքում և արդեն կան մի շարք երկրներ, որոնք նման օրենքներ են ընդունում իրենց ինքնիշխանությունը պաշտպանելու համար, իսկ Վրաստանում նմանատիպ օրենքը համարում են ռուսական, դա «երկակի ստանդարտ է»։

«Վրաստանում յուրաքանչյուրն իրավունք ունի և, առավել ևս, պարտավորություն՝ պաշտպանելու իր երկրի ինքնիշխանությունը... Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը կհանի վրացական օրենքի վրա դրված ոչ վրացական վետոն, և օրենքն ուժի մեջ կմտնի», - ընդգծել է Խունդաձեն։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է Վրաստանի համար վիզային սահմանափակումներ մտցնելու քաղաքականության և ԱՄՆ-Վրաստան համագործակցության վերանայման մասին՝ ի պատասխան «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման:

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, սակայն մայիսի 18-ին երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո է դրել դրա վրա։ Վրաստանի խորհրդարանը, սակայն, մտադիր է հաղթահարել նախագահական վետոն։ Այդ հարցի շուրջ խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը նիստ կանցկացնի մայիսի 27-ին, իսկ հավանության դեպքում հարցը կներկայացվի մայիսի 28-ին կայանալիք լիագումար նիստին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում